«Շրջանառության հարկի» մասին նոր օրենքի դեմ բողոքող տարբեր տոնավաճառներ եւ կրպակաշարեր ներկայացնող 20-ից ավելի առեւտրականներ, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կհանդիպեն ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ՝ ներկայացնելու նոր օրենքով կիրառվող փաստաթղթավորման հետ կապված դժվարությունները: Առեւտրականների հետ հանդիպելու հանձնարարականը Գագիկ Խաչատրյանն ստացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից, որն այդ մասին առեւտրականներին հայտնել է կառավարությունում նրանց հետ հանդիպման ժամանակ (ֆոտոռեպորտաժ):
«Ֆինանսների նախարարի հետ հանդիպումից հետո մենք նորից կհանդիպենք վարչապետի հետ արդեն խնդրի լուծումը ստանալու նպատակով: Վարչապետի տրամադրությունից ելնելով՝ կածում եմ՝ ամեն ինչ լավ կլինի, գոնե առաջին հայացքից երեւում էր, որ մարդը իսկապես տրամադրված է, որովհետեւ ոչ մեկ չի ուզում, որ ժողովրդի մի մասն իրեն դեմ լինի»,-հավաքվածներին հայտնեց «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանը՝ նշելով, որ չորեքշաբթի առեւտրականները իրենց խնդիրը կներկայացնեն ԱԺ-ում:
Վարչապետի հետ հանդիպմանը մասնակցած Սամսոն Գրիգորյանը հավաքվածներին փոխանցեց, որ վարչապետը խոստացել է ամեն ինչ անել, որպեսզի ստեղծված խնդիրը լուծվի:
«Օրենքն առայժմ գործելու է, սակայն վարչապետը մեզ խոստացավ, որ ստուգումներ դեռեւս չեն լինելու: Եկեք հիմա չգոռանք՝ սուտ է, թե ճիշտ, մենք էլ չգիտենք, բայց էնպես չի, որ մեզ հիմա կխաբեն, մենք էլ կգնանք էշ-էշ կնստենք, նման բան չկա»,- վարչապետի խուստումներին թերահավատորեն վերաբերվող հավաքվածներին հանգստացրեց Սամսոն Գրիգորյանը:
Կառավարության մոտ հավաքվածները հեռացան՝ խոստանալով ֆինանսների նախարարի հետ հանդիպումից հետո դրական արդյունքներ չլինելու դեպքում նորից հավաքվել:
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։

















