Ազգային ժողովի ոչ իշխանական եռյակին՝ ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին եւ «Ժառանգությանը» միավորում է մեկ նպատակ. այս իշխանությունները պետք է հեռանան: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Վանաձորում կայացած եռյակի մարզային իրազեկման հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք պատմության մեջ կմնանք՝ որպես մշտապես վարկ ունեցող ժողովուրդ: Ամեն օր Հայաստանում մեռնում է մի գյուղ, որովհետեւ ամեն օր 300-400 մարդ հեռանում է երկրից: Այս իշխանություններն են մարդկանց այնպիսի վիճակում են դրել, որ քաղաքացիները պարտքերի, վարկերի մեջ են խրված, շատերը նույնիսկ ինքնասպանության են դիմում՝ հենց այս վիճակի պատճառով: Ինքս Ստրասբուրգում հանդիպել եմ հայերի, ովքեր ճարահատյալ հեռացել են Հայաստանից: Սա այս իշխանությունների ծրագիրն է, որ Հայաստանը հայաթափվի, մարդիկ հեռանան, որպեսզի իրենց հեշտ լինի կառավարելը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ-ական պատգամավորի պնդմամբ՝ հայ ժողովրդի խնդիրը ոչ թե Սահմանադրական բարեփոխումներն են, այլ գործող իշխանությունները:

«Սահմանադրությունն ամեն օր ոտնահարող իշխանությունը, իր երկրում ՓՄՁ-ի մեջքն ամեն րոպե կոտրող իշխանությունը, դատարաններում արդարությունը ամեն րոպե ոտնահարողը բարոյական ոչ մի իրավունք չունի՝ մտածել Սահմանադրական փոփոխությունների մասին: Այս գործող Սահմանադրությամբ էլ կարող ենք ունենալ արդար իշխանություն, իսկ դա կունենանք միայն Ձեր շնորհիվ»,- ավելացրեց նա:

Նշենք, որ հոկտեմբերի 10-ին եռյակը նախատեսում է համապետական հանրահավաք Ազատության հրապարակում: