Փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները առայժմ գոհ են «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքով հոկտեմբերի 1-ից գործող գույքի փաստաթղթավորման ժամանակավոր կասեցումից, բայց փետրվարի 1-ից օրենքում արված փոփոխություններից դժգոհ լինելու դեպքում նոր թափով կսկսեն պայքարել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Հունանյանը:

«Առայժմ ինչ-որ չափով բավարարված ենք, բայց սա խնդրի լուծում չէ, քանի որ խնդիրը շատ մեծ է, գլոբալ եւ խորը, այդ պատճառով մենք կառավարության հետ կաշխատենք, որ օրենքը մեր ուզածով լինի: Կարծում եմ՝ այնպես չի լինի, որ հետ կանգնենք, մենք մինչեւ վերջ գնալու ենք»,-ասաց Անդրանիկ Հունանյանը:

Նշենք, որ հոկտեմբերի 6-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մինչեւ 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել «Շրջանառության հարկի»  մասին օրենքում առկա գույքագրման պահանջը:

Ֆիրդուսի շուկայի աշխատակից Անահիտ Խաչատրյանը կարծում է, նոր օրենքով գործող թղթաբանությունը պետք է մաքսակետերում գործի, ոչ թե իրենց մոտ:

Նույն շուկայի մեկ այլ աշխատակցի խոսքով՝ խոշոր ներկրողն իրենց փաստաթուղթ չի տրամադրի եւ արդյունքում էլի փոքր ձեռներեցն է տուժելու:

«Հայաստանում մեզ ոչ մեկ փաստաթուղթ չի տա, որովհետեւ ձուկը գլխից է հոտած, եթե իրենց վերեւներում իրենց բիզնեսը անփաստաթուղթ է, առանց մաքասազերծման ապրանք է բերում Հայաստան, ո՞նց կլինի փոքրից փաստաթուղթ պահանջեն: Փոքրն էլ դառնում է հարկայինի ագենտ, Գագիկ Խաչատրյանի ագենտներն ենք դառնալու: Մի մարդ, որը մեզ նիսյայով ապրանք է տալիս, հիմա գնալու ենք իր վրա գործ տանք, ասենք, գնացեք, բռնեք էդ մարդուն»,-ասաց Ֆիրդուսի շուկայում աշխատող Սարգիսը՝ նշելով որ այս օրենքի կիրառմամբ փոքր բիզնեսը կվերանա:

Ֆիրդուսի շուկայի աշխատակից Անահիտ Խաչատրյանն առաջարկում է Կառավարությանը նոր օրենք մշակել, որը ոչ թե կբարդացնի, այլ կթեթեւացնի առեւտրականների աշխատանքը:

«Այնպես պիտի լինի, որ ապրանքը, որը կմտնի երկիր, գնամ տամոժնյայում մուծեմ,  թուղթը բերեն իմ ձեռը դնեն, ես գամ իմ ապրանքը ծախեմ, ինձ ոչ մեկ չգա, չանհանգստացնի, հարկերն էլ հարկայինին տամ, թե չէ՝ ինչ է նշանակում հարկայինը վազենք, հաշվապահություն անենք, ապրանքը գնանք շալակենք ստադիոններից բերենք, պալատկա կապենք: Դրա համար էլ էսօրվա դրությամբ սաղ ազգը հիվանդ է»,-վրդովվեց Անահիտ Խաչատրյանը:

Նշենք, որ հոկտեմբերի 8-ին տարբեր շուկաների եւ կրպակաշարերի ներկայացուցիչներ կհանդիպեն ՀՀԿ-ական  պատգամավորների հետ՝ քննարկելու «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունները:

 Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։