Լեհահայ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի 53 ստեղծագործություններ մինչեւ դեկտեմբերի 15-ը կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում: Ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Լեհաստանի եւ Հայաստանի առաջին տիկնանց՝ Աննա Կոմորովսկայի եւ Ռիտա Սարգսյանի, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի  մասնակցությամբ:

Պատկերասրահի տնօրեն  Փարավոն Միրզոյանը Կենտրոնական բանկի թողարկած «Թեոդոր Աքսենտովիչ» հուշադրամներ նվիրեց առաջին տիկնանց:

«Աքստենտովիչը միշտ կապված է եղել իր արմատների հետ: Նա հայկական թեմաներով բազմաթիվ ստեղծագործություններ ունի: Այս մեծ վարպետի ընտանիքը միշտ եղել է հայկական մտածելակերպով եւ հայ ժողովրդի հետ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Փարավոն Միրզոյանը՝ նշելով, որ ցուցահանդեսը պատմական նշանակություն ունի, քանի որ այն անցկացվում է Լեհաստանի եւ Հայաստանի նախագահների հովանու ներքո:

Ցուցահանդեսի բացմանը ներկա, գեղանկարիչ Գագիկ Պարսամյանի խոսքով՝ մեծ իրադարձություն է, որ Աքսենտովիչի աշխատանքները ներկայացվում են Հայաստանում:

«Նման  իրադարձություն կարող է լինել դարը մեկ անգամ: Աքսենտովիչը մեծ վարպետ է, աշխարհում շատ ճանաչված: Դա չենք ասում, որովհետեւ հայ է, ինքն իսկապես մեծ նկարիչ է: Նրա գործերից «Հայաստանի մկրտությունը», որտեղ պատկերված է, թե ինչպես է Գրիգոր Լուսավորիչը մկրտում Տրդատ թագավորին, հենց ապացուցում է, որ ինքը մեծ հայ է, մեծ հայրենասեր»,-լրագրողների հետ զրույցում ասաց  գեղանկարիչը:

Ազգությամբ հայ Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքներն այս տարվա հունիսի 18-ին ցուցադրվել են նաեւ Լեհաստանի Սոպոտ քաղաքի արվեստի պետական պատկերասրահում: Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համագործակցությամբ տեղի ունեցած վերնիսաժին նկարչի աշխատանքները ներկայացված են եղել աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու աշխատանքներին զուգահեռ:

Աքսենտովիչի աշխատանքների ցուցադրությանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա էր նաեւ Սոպոտի արվեստի պետական պատկերասրահի տնօրեն Զբիգնեւ Բուսկին: Ինչպես ցուցահանդեսի բացմանը նշեց նա, իրենց համար մեծ պատիվ է ցուցադրել լեհահայ արվեստագետի գործերը Հայաստանում: