ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Շիրակի մարզ` ծանոթանալու Արդենիս - Բերդաշեն հանրապետական նշանակության ավտոճանապարհի (Հ-66, Շաղիկ-Արդենիս-Թավշուտ-Մ-1) կատարված վերանորոգման աշխատանքների որակին:
Նախարարին ուղեկցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Տրանսպորտի եւ կապի նախարարութան համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացրած «Ամարասշին» ընկերության պատասխանատուները նախարարին զեկուցեցին, որ ճանապարհի 5.3 կմ երկարությամբ հատվածում կատարվել են ճանապարհային ծածկի կառուցման, հողային պաստառի եւ ջրահեռացման համակարգի վերականգնման, արհեստական կառուցվածքների նորոգման, ինչպես նաեւ ճանապարհի կահավորման աշխատանքներ: Հաշվի առնելով տվյալ ճանապարհահատվածի ցածր ինտենսիվությունը՝ այստեղ լավագույն լուծումը սառը վերաօգտագործման եղանակով ավազակոպճային հիմքով ծածկի օգտագործումն է:
Նախարարը նշեց, որ նման ճանապարհի համար ճիշտ որոշում է կայացվել, եւ լավ սպասարկման դեպքում այն կծառայի իր նպատակին:
Մինչ վերանորոգումը ճանապարհահատվածի պաստառը վատ վիճակում էր, ասֆալտբետոնե ծածկն ամբողջովին քայքայված էր, առկա էին տարբեր խորությամբ եւ մեծ մակերեսով փոսեր, որի հետեւանքով երթեւեկությունն այդ հատվածում դժվարանցանելի էր: Բացակայում էին նաեւ երթեւեկության կազմակերպման ու անվտանգության տարրերը, այդ թվում՝ մետաղական արգելափակոցները, ճանապարհային նշանները:
Բացի Արդենիսը Բերդաշենին կապող ճանապարհահատվածը, հիմնանորոգվել է Բերդաշեն համայնքով անցնող կամուրջը:
Արդենիս - Բերդաշեն հանրապետական նշանակության ավտոճանապարհը վերանորոգվել է պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում՝ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին: Աշխատանքների պայմանագրային արժեքը 127 մլն 883 հազ. 276 դրամ է:
.jpg)
.jpg)











