Նախորդ տարի օգոստոսի 5-ին Կոմիտաս 5 հասցեում ոստիկանությունը գործել է որպես սեռական մոլագարների բանդա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը, իր բերման ենթարկվելու տեսանյութը դատարանում դիտելուց հետո:
«Ցանկացած անկախ մարդ, որը ներկա չի եղել Կոմիտաս 5 հասցեում, սակայն դիտում է այս տեսանյութը, հասկանում է, որ ոստիկանությունը գործում է որպես սեռական մոլագարների բանդա: Ակնհայտ երեւում է, որ փոխանակ ոստիկանները իրացնեն իրենց գործառույթները, ընկած աղջիկ են ման գալիս, որ ձեռ գցեն, կամ փորձեն վիզը համբուրել, եւ եթե ձեռի տակ երիտասարդ աղջիկ չի լինում, ասում են՝ մայրիկ, մի կողմ, եւ նույնիսկ փորձում են իրենց մայրիկների տարիքի կանանց ձեռք գցել: Արաբկիրի փոխոստիկանապետը նույնիկ մի աղջկա բերման ենթարկելիս նրան նստեցնում է իր ծնկներին»,-ասաց Արգիշտի Կիվիրյանը:
Կիվիրյանի խոսքով՝ այդ օրը ոստիկանությունը բռնություն է գործադրում ոչ միայն քաղաքացիների նկատմամբ, այլ նաեւ լրագրողների նկատմամբ՝ խոչընդոտելով նրանց մասնագիտական գործունեությանը:
«Ես այդ օրը ընդամենը ասել եմ ոստիկանին, որ վերաբերվիր այս աղջիկներին, ոնց որ կվերաբերվես քո մորը, կամ քրոջը: Ադեկվատ մարդու համար դա վիրավորական չի կարող ինել, բայց մենք գործ ունենք հանցագործ ոհմակի հետ»,-ասաց Կիվիրյանը:
Տեսանյութից երեւում է, որ ոստիկանը լրագրողների մոտ իրեն պահում է ոչ ադեկվատ, իսկ ոստիկանական մեքենայում նրա վերաբերմունքը յուրաքանչյուր ոք կարող է պատկերացնել: «Այս տեսագրությունը, հերիք է, որ փլի նախաքննական մարմնի ողջ հեքիաթը եւ կայացվի արդար դատավճիռ, ինչին ես կասկածում եմ»,-ասաց Կիվիրյանը:
Նշենք, որ պաշտպանական կողմի տրամադրած տեսանյութում երեւում է, որ ոստիկանությունը բռնի գործողություներ է իրականացնում ցուցարարների նկատմամբ եւ նրանց բռնություն գործադրելով է բերման ենթարկում: Փաստաբան Լուսինե Սահակյանը նկատեց, որ տեսանյութերից երեւում է, որ խաղաղ հավաք է ընթանում, իսկ ոստիկանությունը առանց որեւէ պայմանի միջամտում է խաղաղ հավաքին, քաղաքացիներին ոստիկանությունը բերման է ենթարկում ոչ միայն ճանապարհի երթեւկելի հատվածից, այլեւ մայթից:
Այսօր դատարանում ցուցադրվեց նաեւ քննիչի կողմից տրամադրված տեսանյութը, որում ըստ մեղադրանքի Արգիշտի Կիվիրյանի կողմից տուժած ոստիկան Կարեն Վրթանեսյանը պատմում է, թե ինչ է եղել Կիվիրյանին բերման ենթարկելու ժամանակ:
Կիվիրյանի փաստաբանը՝ Լուսինե Սահակյանը նկատեց, որ փորձարարության ժամանակ Արգիշտի Կիվիրյանին նմանակող անձը մարմնի չափերով չի համապատասխանում Կիվիրյանին եւ ընդհարապես, ոստիկան Վահան Վրթանեսյանը քննչական փորձարարության ընթացքում այլ կերպ է ներկայացնում կատարվածը: Մեղադրողն էլ արդարացավ, որ ոստիկանը նույնությամբ չէր կարող վերարտադրել կատարվածը:
Դատական նիստն հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 22-ին:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկի դեմ հարակից շենքի բնակիչների բողոքի միացած Կիվիրյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել, որ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն իրեն բաժին տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրգործ հարուցվել էր ոչ թե այդ առթիվ, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, ըստ որի, Արգիշտի Կիվիրյանն է հարվածներ հասցրել ոստիկանին եւ ինքնավնասվել՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը: Կիվիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը:











