Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանն Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հոկտեմբերի 7-ին, դատավոր Անի Մխիթարյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց։

 «2013թ օգոստոսի 15-ին Սուրեն Խաչատրյանի իմ դեմ ներկայացրած հայցադիմումը վարույթ ընդունելով եւ նախնական դատական նիստ հրավիրելով՝ դուք կոպտորեն խախտել եք ՀՀ օրենսդրության պահանջները։ Սուրիկ Խաչատրյանի հայցը ընդունելով դուք կայացրել եք ապօրինի որոշում։ Անտեսել եք այն, որ Սուրեն Խաչատրյանի հայցադիմումին ոչ անձնագիր է կցված եղել, ոչ էլ հայրանունն է նշված եղել»,- իր միջնորդությունը հիմնավորեց Սամվել Հարությունյանը։

Դատավոր Անի Մխիթարյանը հետաձգեց դատական նիստը՝ միջնորդությունը քննարկելու համար։ 

Գորիսի նախկին քաղաքապետը նիստի ավարտին լրագրողներին ասաց, որ թեեւբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորին, սակայն վստահ է, որ եթե անգամ այն բավարարվի, ոչինչ չի փոխվի, քանի որ չի հավատում Հայաստանի արդարադատությանը։

«Այս բիրտ լիսկայական իշխանական ռեժիմի գոյության պայմաններում տրամաբանություն ունեցող որեւէ քաղաքացի չի կարող հույս ունենալ, թե Հայաստանում որեւէ դատարան կարող է արդար վճիռ ընդունել ռեժիմի հենասյուներից որեւէ մեկի դեմ»,- ասաց Սամվել Հարությունյանը։

Այսօրվա դատական նիստին ներկա էր նաեւ գործով երրորդ անձի՝ Անուշավան Առուշանյանի ներկայացուցիչը։

Նշենք, որ Անուշավան Առուշանյանն իր հայցադիմումի համաձայն էր ներգրավվել գործում։ Ըստ նախկին քաղաքապետի՝ նա Սուրիկ Խաչատրյանի հերթական զոհն է, որին մարզպետն այժմ օգտագործում է անձնական շահի համար եւ փորձում է նրա միջոցով կրկնապատկել իր դեմ ներկայացրած պահանջը։ Սամվել Հարությունյանն այսօրվա նիստին կրկին դատարանին հիշեցրեց, որ, ըստ տարածված լուրերի, հենց Սուրիկ Խաչատրյանն է 18 տարի առաջ կրակել Անուշավանի վրա ։ 

Անուշավան Առուշանյանի ներկայացուցչի՝ Սերգեյ Մկրտչյանի կարծիքով Սամվել Հարությունյանը շահարկում է երրորդ անձի անունը, քանի որ Սուրեն Խաչատրյանի հետ հակամարտության մեջ է գտնվում։

«Սամվել Հարությունյանը անձնական հակամարտություն ունի Սուրեն Խաչատրյանի հետ եւ այդ հակամարտության մեջ փորձում է շահարկել Անուշավան Առուշանյանի անունը, որը 1996 թ. հրազենային վնասվածք էր ստացել եւ ասեկոսեներ էին տարածվել, թե կրակողը եղել է Սուրիկ Խաչատրյանը։ Սակայն այդ դեպքը այդպես էլ չի բացահայտվել, անցել է ավելի քան 18 տարի, քրեական պատասխանատվության ժամկետներն անցել են, իսկ Սամվել Հարությունյանն այժմ ուզում է պաշտպանել Անուշավան Առուշանյանի շահերն առանց այդ մարդու ցանկության»,- ասաց Սերգեյ Մկրտչյանը։

Նշենք, որ Սուրիկ Խաչատրյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ՝ նրանից պահանջելով հերքել իր հասցեին հրապարակայնորեն հնչեցրած հայտարարությունները եւ իր օգտին բռնագանձել 1,5 մլն դրամ։