Հասարակությունը եւ մամուլը կանխակալ են վերաբերվում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ նախորդ տարվա հունիսի 2-ին հնչած կրակոցների գործին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, գործով դատական նիստի ավարտից հետո NEWS.am-ին ասաց գործով տուժող Լորետա Բարսեղյանի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանը՝ նշելով, որ հասարակությունը հայցվոր կողմի ցանկացած խախտման բուռն է արձագանքում՝ միաժանակ անտեսելով պաշտպանական կողմի խախտումները։
«Պաշտպանը խախտում թույլ տվեց, բան չասացին։ Բայց երբ Տիգրան Խաչատրյանը չներկայացավ դատական նիստին այն ժամին, որին Ալումյանն էր ցանկանում, նա անմիջապես հաղորդեց Երևան, մամուլը հեղեղվեց նյութերով, թե Տիգրան Խաչատրյանը չի ուզում ներկայանալ դատական նիստին: Եթե հիշում եք՝ ես հայտարարեցի, որ Տիգրան Խաչատրյանը ճանապարհին է և գալիս է: Հիմա ո՞վ է ավելի շատ խախտում կատարում, Տիգրան Խաչատրյա՞նը, թե՞Հայկ Ալումյանը: Ալումյանը մի դրվագ, փոքրիկ դետալ նետում է հասարակությանը, հասարակությունն ասում է՝ հլը տեսեք է, տեսեք՝ ինչ են արել Խաչատրյանները ու ինչ է հիմա քննվում»,-ասաց Ռուբեն Սահակյանը։
Փաստաբանի խոսքով՝ հասարակությունը մեղադրում է Սուրիկ Խաչատրյանին՝ առանց ապացույցներ ունենալու եւ գործի նյութերին ծանոթանալու։
«Անընդհատ ասվում է, որ Սուրիկ Խաչատրյանը քրեական պատասխանատվության չի ենթարկվում, սպանություն է կատարել։ Մի հատ հարց տանք էդ ասողներին՝ այ ողորմելիներ, եթե դուք ասում եք, որ Սուրիկ Խաչատրյանը կատարել է սպանություն, ուրեմն պետք է ինչ որ բան էլ ասեք: Մի հատ ապացույց բերեք էլի, կամ գործի միջից կամ ձեր գորշ նյութից: Կամ ամենամեծ ծեծվող թեման է, թե Սուրիկ Խաչատրյանը քնած չի եղել: Ասուլիսներից մեկի ժամանակ, երբ ես ասեցի՝ ոչ, նա քնած է եղել, լրագրողներից մեկը ջղայնացած դահլիճը լքեց, գնաց։ Բայց չէ՞ որ այն նույն ձայնագրությունը, որին հղում է կատարվում և որն ուզում են այսօր հրապարակել, այնտեղ երևում է, որ քնած է եղել։ Էդ տողերին հղում չեն անում, չեն ասում հասարակությանը: Քնած է եղել նախքան և քնած է եղել հետո: Ինչի՞ դրա մասին չեն խոսում: Միայն խոսում են նրա մասին, որ նա չէր կարող չլսել»,-ասաց Ռուբեն Սահակյանը:
Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախորդ տարվա հունիսի 1-ին տեղեկանալով, որ իր եղբայրը՝ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում ծեծի է ենթարկվել, Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին վախեցնելու նպատակով գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից՝ սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի ընտանիքի անդամներին: Ավետիք Բուդաղյանը սպանվել է, իսկ Արտակ Բուդաղյանը՝ հրազենային վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:











