Էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ հունիսի 23-ի բողոքի ակցիայի մասնակից, եկել «Ոչ էլեկտրաէներգիայի թանկացմանը» նախաձեռնության անդամ Վահան Դուրինյանը չի պատրաստվում վճարել ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար  վարչական տույժը եւ  այն վիճարկելու է դատարանում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, վարչական դատարանում կայացած առաջին դատական նիստից հետո NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վահան Դուրինյանը:

«Ըստ արձանագրության հունիսի 23-ի ակցիայի ժամանակ ես չեմ ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին:  Բայց օրինական  պահանջ ընդհանրապես  չի եղել այդ օրը, որը կարելի կլիներ քննարկել ինչքանով է օրինական»,-ասաց նա:

Դուրինյանը նշեց, որ այս արձանագրոթյունը  անհիմն է, դա իրեն չի վախեցնելու, եւ ինքը որպես ակտիվ քաղաքացի  հետագայում էլ շարունակելու  է պայքարել:

Նշենք, որ այսօր առաջին դատական նիստը հետաձգվեց, քանի որ Վահան Դուրինյանը պահանջեց փաստաբան, որը կպաշտպանի իր շահերը դատարանում:

Վահան Դուրինյանին աջակցելու էին եկել «Ոչ էլեկտրաէներգիայի թանկացմանը» նախաձեռնության մեկ տասնյակից ավելի անդամներ, որոնց մի մասը նույնպես ծանուցագրեր էր ստացել Վարչական  դատարանից:

«Մենք շատ վրդովված ենք այս երեւույթի դեմ, փաստորեն ստացվում է, որ ակցիա անելը դառնում է օրենքի խախտում, եւ անհիմն վարչական տուգանքներ են գրվում: Այնպիսի տպավորություն է, որ խաղաղ ակցիա անել չի կարելի այս երկրում»,-ասաց նախաձեռնության անդամ Լեւոն Զաքարյանը, ում նույնպես դատարանից ծանուցագիր էր ուղարկվել:

Նախաձեռնության մեկ այլ անդամի՝ Հայկ Ավետիսյանի խոսքով՝ ոստիկանությունը փորձում է այս կերպ ազդել ակտիվություն ցուցաբերող քաղաքացիների վրա, որպեսզի վերջիններս չնախաձեռնեն բողոքի ակցիաներ:

«Իհարկե չի կարող ազդել մեզ վրա,որոցհետեւ մենք  համոզված ենք մեր իրավաչափ գործողությունների մեջ: Մենք գիտենք մեր իրավունքները, նաեւ գիտենք ոստիկանության իրավունքներն ու պարտականությունները»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ հունիսի 23-ի բողոքի ակցիայի 20-ից ավելի  մասնակիցներ վերջին օրերին վարչական դատարանից ծանուցումներ են ստանում, որ իրենց նկատմամբ գործեր են հարուցվել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար: Նրանք այս ծանուցումներն անօրինական են համարում եւ չեն պատրաստվում վարչական տույժեր վճարել: