ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն իր հնարավորությունների սահմանում ամեն ինչ անում է, որ Էջմիածնում, նոր աշխատատեղեր ստեղծվեն, ոչ մի էջմիածնեցի առանց աշխատանքի չմնա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Էջմիածին քաղաքի տոնին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գեներալը:
«Ամեն տեղ էլ, եվրոպական լավ զարգացած երկրներում էլ կան մարդիկ, որ աշխատանք չունեն: Ես անձամբ ամեն ինչ անում եմ, որ իմ հնարավորությունները ճիշտ օգտագործեմ: Ինչքան իմ քաշ, ուժը, հնարավորությունը հերիքում ա, անում եմ: Անձամբ ես ահագին մարդկանց աշխատանքով ապահովում եմ: Եթե մարդ կգտնես, որ աշխատանք չունի, ուղարկի աշխատանք կտամ»,-ասաց նա:
Գեներալը նշեց, որ թեեւ այսօր Էջմիածնում մեծ գործարաններ չկան, բայց դրանց փոխարեն շատերը փոքր ձեռնարկություններ են հիմնում, աշխատատեղեր ավելացնում. «Մենք վերտալյոտի զավոդ ենք ունեցել, պահածոների գործարաններ ենք ունեցել, բայց էսօր տեխնիկան, գազը, լույսը չեն հերիքում: Աստծուն փառք՝ պուճուր, փոքր տեխնոլոգիաներով ներդրումներ են անում մարդիկ: Ճիշտ ա՝ պուճուր ա ցեխը, բայց մարդիկ նոր տեխնոլոգիաներով սկսում են աշխատել»,-ասաց Մանվել Գրիգորյանը:
Ըստ Մանվել Գրիգորյանի՝ արտագաղթի ծավալներն Էջմիածնում չեն ավելանում, մարդիկ բոլոր տարիներին էլ մեկնել են արտագնա աշխատանքի: «Մարդ կա՝ չի ուզում ստեղ աշխատի: Բայց գնում են ուրիշ տեղեր էլ, գիտես լավ աշխատանքների են գնո՞ւմ: Բարձրագույն ավարտածները գնում են սրա նրա տունը սեւ գործի, բայց ստեղ նույն գործը չեն անի: Ճիշտ ա՝ ստեղ աշխատավարձը բարձ չի, բայց չեն գա ստեղ 80-100 հազարով քաղաքապետարանում կամ մի ուրիշ տեղ գրասենյակային աշխատանք անեն: Բայց ես ինչքան նայում եմ՝ սաղ լավ ա լինելու»,-ասաց Մանվել Գրիգորյանը:
Գեներալը տոնի առթիվ շնորհավորեց էջմիածնեցիներին, նրանց առողջություն, երջանկություն մաղթեց:











