Բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու՝ այսպես կոչված «Բանդայի գործով» մեղադրյալներն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում վիրավորեցին գործով մեղադրող Սասուն Խաչատրյանին։ Վեճն սկսվեց այն բանից հետո, երբ գործով մեղադրյալ Քյարամ Ամոյանին նախաքննական ցուցմունքն ընթերցելուց հետո մեղադրյալ Արտուշ Հակոբյանի փաստաբան Հովիկ Արսենյանը հակասություն նկատեց հրապարակված ցուցմունքում եւ դատախազին ասաց, «Ձեզ ընդամենը բերել, նստացրել են այստեղ»։
«Ինձ ոչ մեկ չի կարող բերի, նստացնի այստեղ, պարոն Արսենյան, հետեւեք ձեր արտահայտություններին, ես մեղադրանք եմ պաշտպանում, դուք չգիտեմ ինչերով եք զբաղվում, շոու եք սարքում»,-վրդովվեց մեղադրողը:
Մեղադրյալները տեղից արձագանքեցին վեճին՝ ասելով, որ իրենք էլ են միանում փաստաբանի ասածին:
«Իրոնիադ փոխի, նոր խոսա, մենք էլ համաձայն, որ քեզ բերել, նստացրել են այստեղ, միանում ենք փաստաբանին»,-վրդովված ասացին մեղադրյալ Դավիթ Գալստյանն, ում միացավ մեղադրյալ Սամվել Դավթյանը։
Դատավորը փորձեց սաստել վիճող կողմերին, սակայն մի քանի րոպե դա նրան չէր հաջողվում։
Մինչ այդ Հովիկ Արսենյանը խոսելով մեղադրյալ Քյարամ Ամոյանի նախաքննական ցուցմունքի մասին, ասաց, որ քննիչը արհեստական մի իրավիճակ է նկարագրել եւ հասարակությանը ստիպում է հավատալ այդ գրածներին:
«Ինչո՞ւ է Քյարամ Ամոյանը դիմակ հագել Դերժինսկու դպրոցի մոտ, ու հետո հանել, եթե չէր մասնակցելու ավազակային հարձակմանը: Էդ մանկապարտեզի փուչիկ բանը ուզում եք նստեցնել մարդկանց մոտ, թե այսպես էլ է լինում՝ դիմակը անիմաստ հագավ, հետո հանեց»,-վրդովվեց փաստաբանը, ինչին մեղադրողը պատասխանեց, որ Արսենյանի այդ պահի ասածներն են «մանկապարտեզի փուչիկ»:
Հովիկ Արսենյանն էլ հայտարարեց, որ Քյարամ Ամոյանը իր փաստաբանից հրաժարվել է հենց այն պատճառով, որ փաստաբանն ասել է՝ այդպես գրելու դեպքում չի դատապարտվի:
Դատավորը նախազգուշացում արեց ամբաստանյալ Դավիթ Գալստյանին, փաստաբան Հովիկ Արսենյանին եւ մեղադրող Սասուն Խաչատրյանին, այնուհետեւ դատական նիստը շարունակեց:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը, Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա։











