«Բանդայի» պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանը նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տան վրա ավազակային հարձակման օրը՝ 2011թ. օգոստոսի 20-ին, գտնվել է իր նկերուհու՝ Լիլիա Սահակյանի տանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու՝ այսպես կոչված «Բանդայի գործով» դատական նիստին ասացին հրավիրված վկաներ՝ Լիա Սահակյան ու Արմեն Մկրտչյանը, որոնք Արտուշ Հակոբյանի մտերիմ ընկերներն էին:
Նշենք, որ նրանք դատարան էին հրավիրվել Արտուշ Հակոբյանի փաստաբանի՝ Հովիկ Արսենյանի միջնորդությամբ:
Արմեն Մկրտչյանը պատմեց, որ իր ծննդյան օրվա նախօրեին նա Զովունիից եկել է Գառնի, որտեղ Արտուշ Հակոբյանի հոր, հորեղբոր հետ խմել են ու հաց կերել, ինչից հետո շատ ուշ ժամին Երեւան են գնացել՝ Լիա Սահակյանի բնակարան:
Ըստ Մկրտչյանի նրանք այդ բնակարանում էլ քնել են, առավոտյան նորից են խմել եւ դրանից հետո ինքը գնացել է Վարդենիս՝ տեսակցելու ծառայող որդուն: Մեղադրողը հարցրեց, թե նա կարո՞ղ եք հանուն իր ընկերոջ գնալ ամեն քայլի, անգամ սուտ ցուցմունք տալ, Արմեն Մկրտչյանը պատասխանեց, «Սուտ ցուցմունքի կարիք չկա, բայց ես պատրաստ եմ իմ ընկերոջ համար ամեն ինչի»:
Դատարանի դահլիճում այդ ընթացքում մի անծանոթ սկսեց վիճել դատական կարգադրիչների հետ , ասելով, որ իրեն խանգարում են: Դատավոր Մեսրոպ Մակյանի հարցին, թե ով է նա, քաղաքացին պատասխանեց՝ «Արկաիդա», եւ սկսեց դիմադրել կարգադրիչներին, որոնք նրան դուրս տարան նիստերի դահլիճից:
Նշենք,որ երբ անծանոթը ներս մտավ, նրան գլխով բարեւեց ամբաստանյալ Դավիթ Գալստյանը:
Արտուշ Հակոբյանի ընկերուհի Լիա Սահակյանը պատմեց, որ 33 տարի եղել է Արտուշ Հակոբյանի ընկերուհին եւ իրենք շատ լավ հարաբերություններ են ունեցել: Վկայի բնակարանը Արտուշ Հակոբյանի գործով նույնպես խուզարկության էր ենթարկել. «7 հոգով ոստիկանները եկել էին, ամբողջ գիշեր նստել, ես մենակ, 7 տղամարդ»:
Ըստ վկայի ոստիկանները իր բնակարանից տարել են ոսկեղեն, նաեւ իր հորը պատկանող մեկնարկային ատրճանակը՝ անձնագրով:
«Արտուշ Հակոբյանը շատ ուշ եկել, ժամը մոտ 1.30-ի սահմաններում, հիշում եմ, քանի որ «Դժվար ապրուստ» սերիալն էի նայում, երբ կինոս վերջացավ, նրանք եկան: Արտուշն էլ իր հետ Արմենի ծնունդը նշելու համար «Հեննեսի» կոնյակ էր բերել, որը մինչեւ հիմա պահում եմ»,-պատմեց Լիա Սահակյանը:
Դատական նիստն այսօր հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 15-ին:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը, Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա։











