Արմավիրի մարզի Լենուղի գյուղի 4-րդ կարգի վթարային, փայտե շենքերում ապրող 29 ընտանիքներին կառավարությունը օգոստոսին խոստացված գումարները չի վճարել՝ պատճառաբանելով, որ բյուջեի միջոցներն ուղղել են կարկուտից տուժած համայնքներին օգնելուն:

 «Ասում են՝ ցրտահարություն է  եղել, դրա համար էլ այս տարի չեն վճարելու,  բյուջեում փող չկա: Բայց էդ ցրտահարության համար քանի՞ միլիոն են տվել ժողովրդին, որ մեր յուրաքանչյուր ընտանիքին չկարողացան 6,5 միլիոն դրամ տալ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց վթարային շենքի բնակիչ Հմայակ Խաչատրյանը:

Բնակիչների խոսքով՝ երկրաշարժից հետո է իրենց բնակարանները դարձել 4-րդ կարգի վթարային, սակայն դրանից հետո իրենք 26 տարի շարունակում են բնակվել այդ շենքերում:

«Շենքի սյուները փտել են, շենքը իջել է, սենյակների  բարձրությունը փոքրացել: Երեխաները չեն կարում քայլեն տան մեջ, հենց քայլում են պատերի ծեփոնը թափվում է հարեւանի տան մեջ, երեխեքը իրար չեն գալիս, դիվանու վրա նստում են»,-պատմեցին վրդովված բնակիչները:

Բնակիչներն ասացին, որ կառավարությա մոտ նախորդ ակցիաներից հետո ոստիկանությունից իրենց տներ են այցելել, որպեսզի  ճշտեն՝ ինչի են բնակիչները գնացել կառավարության մոտ:

Լենուղու բնակիչ Հմայակ Խաչատրյանի խոսքով ամեն անգամ իրենց խաբում են կառավարության մոտ.  «էն Ղազարյանն էլ ոնց որ պեշկա լինի, գալիս ամբաղ-զամբաղ խոսում է, ինձ ասում է՝ լավ տղա լինեիր էդ տնից դուրս կգայիր ուրիշ տուն կսարքեիր, ինչի են նման ձեւով խոսում: Քեզանից էլ լավ տղա եմ, բայց փող չունեմ,  էս կառավարությունն է բոլորին  մուրացկան սարքել»:

Լենուղու վթարային շենքի բնակիչների խոսքով՝ իրենց  երեխաները չեն կարողանում ամուսանանալ եւ ընտանիք կազմել այդ  շենքերում. «37 տարեկան տղան չի կարողանում ամուսնանա, պատկրացրեք, նշան են դրել, աղջկա հայրը եկել տեսել է, թե  ինչ տան մեջ են ապրում, աղջկան հետ տարավ, ասեց՝ ես ստեղ հարս չեմ տա»:

Բնակիչները կառավարությունից պատասխան չստանալու դեպքում մտադիր են նաեւ իրենց խնդրով դիմել նախագահին:

Նշենք, որ բնակիչներն այսօր իրենց խնդրով դիմեցին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, ով ասաց, որ խնդրին ծանոթ չէ, թող բնակիչները գրավոր դիմեն իրեն: