2013թ. մայիսի մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը Արարատի մարզի Այնթափ գյուղում գազի խողովակից պայթած Գյուլնարա Պողոսյանի տան գործով դատական նիստերն ընդդեմ «Գազպրոմ Արմենիայի» անընդհատ հետաձգվում են: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյուլնարա Պողոսյանը:
«7 դատական նիստ է եղել, ամեն նիստը 2 րոպե, եւ անհարկի ձգձգվել է«Գազպրոմ Արմենիայի» պատճառով»,-ասաց նա:
Կնոջ խոսքով՝ իրենք այժմ վարձով են բնակվում, իսկ տան վարձը մինչեւ դեկտեմբեր մարզպետարանն ու գյուղապետարանն է վճարելու, ինչից հետո չգիտեն՝ ինչ են անելու:
«Նախորդ տարի մայիսի 16-ին, լույս 17-ի գիշերը ժամը 1-ի սահմաններում, մեր տունը տրաքել է փողոցով գետնի տակով անօրինական անցնող գազի խողովակից: Մենք 8 հոգանոց ընտանիքով մնացել ենք անտուն, տղաս էլ երկրոդ կարգի հաշմանդամ է դարձել: Մարզպետարանն ու գյուղապետարանը վարձը մինչեւ դեկտեմբեր տալու է, դրանից հետո նորից դրսում ենք ապրելու»,-ասաց Գյուլնարա Պողոսյանը:
Կնոջ խոսքով՝ գործը վարող քննիչները նախաքննությունը միակողմանի է իրականացրել՝ հօգուտ «Գազպրոմ Արմենիայի»:
Գյուլնարա Պողոսյանը նշեց, որ փորձագիտական եզրակացության արդյունքերով, գետնի տակով անցնող գազի խողովակը անօրինական է եղել:
«Գետնի տակով անցնող այդ գազի գիծը անօրինական է, որը 2008թ. են անցկացրել, երկու անգամ դիմել ենք, որ գազի հոտ է գալիս, բայց եկան միայն այն ժամանակ,երբ արդեն պայթուն եղավ, տուն էլ դարձավ 4-րդ կարգի վթարային»,-ասաց Գյուլնարա Պողոսյանը:
Տիկին Գյուլնարան նշեց, որ «Գազպրոմ Արմենիան» 3 միլիոն դրամ է փոխահատուցել պայթյունից հետո, որով իրենք հոգացել են հիվանդանոցի ծախսերը. «Իմ տղան երկրոդ կարգի հաշմանդամ է, թեւը չի կարողանում շարժի, թող գումար տան, որ գնա արտասահմանում բուժվի»:
Նշենք, որ այսօր Գյուլնարա Պողոսյանը հանդիպեց արդարադատության նախարարին, պատմեց դատական նիստերի հետաձգման մասին, ինչին նախարարը պատասխանեց, որ նրանք կարող են դիմել դատարանների էթիկայի հանձնաժողովին:











