«Դեմ ենք Մաքսային միությանը» ֆեյսբուքյան նախաձեռնության մեկ տասնյակ անդամներ այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի Բաղրամյան 26՝ իշխանություններից պահանջելու հոկտեմբերի 10-ին չստորագրել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության համաձայնագիրը։
Երթի մասնակիցները «23 տարվա անկախությունը պրծավ, սենց հե՞շտ», «Հայաստանի Հանրապետությունն ինքիշխան ժողովրդավարական պետություն է» գրությամբ պաստառներով, «Ազատ, անկախ Հայաստան» վանկարկելով այս պահին մեկ տասնյակից ավելի ոստիկանների ուղեկցությամբ շարժվում են Բաղրամյան պողոտայով։
Ակցիայի նախաձեռնողների խոսքով՝ իրենք այս կերպ հայտնում են իրենց դիրքորոշումը, ըստ որի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը բացասական հետեւանքներ կունենա մեր երկրի վրա։
«Վաղը տեղի ունենալիք ստորագրությունը Հայաստանին ավելի է տանելու դեպի ճահիճ։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանը դուրս գա Ռուսաստանի տիրապետությունից։ Ժողովրդի կամքը չհարցնելով, նրա շահերը ոտնահարելով՝ իշխանությունները ստորագրում են այս պայմանագիրը։ Եթե պարտադրված են, թող իրենց աթոռը զիջեն այնպիսի մարդկանց, որոնք կարող են ինքնուրույն որոշում կայացնել»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից, «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Դավիթ Սանասարյանը՝ նշելով, որ Հայաստանին Ռուսաստանն է ստիպում անդամակցել Մաքսային միությանը։
Ակցիայի նախաձեռնող Դանիել Իոանիսյանի խոսքով՝ Եվրոպական միությանն անդամակցության դեպքում Հայաստանին տնտեսական եւ քաղաքական առումներով ավելի լավ հնարավորություններ կընձեռնվեին։ «Ամենակարեւորը՝ Եվրոպական միությունը չէր սպառնում Հայաստանի անկախությանը եւ ինքնիշխանությանը»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն հայտարարել է, որ վաղը՝ հոկտեմբերի 10-ին, Մինսկում Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին ստորագրվելու է համաձայնագիր, ըստ որի Հայաստանը 2015 թվականի հունվարի 1-ից կմիանա Եվրասիական տնտեսական միությանը։












