Սիրիայի Քոբանի քրդաբնակ քաղաքի դեմ իսլամիստների հարձակման դեմ բողոքի ակցիայի դուրս եկած Թուրքիայի տարբեր բնակավայրերում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումների հետեւանքով զոհերի թիվը 36-ի է հասել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Sozcu պարբերականը, այս մասին հայտնել են թուրք իրավապահները: Ըստ նրանց՝ Դիարբեքիրում սպանվել է 10, Մարդինում՝ 7, Սիիրթում՝ 5, Վանում՝ 1, Բաթմանում՝ 1, Ադանայում՝ 1, Այնթափում՝ 4, Բինգյոլում՝ 7 եւ Մուշի Վարթոյի շրջանում եւս մեկ քաղաքացի։
Բինգյոլում 7 սպանվածներից 2-ը ոստիկաններ են, մյուսները՝ ցուցարարներ:
Նշվում է, որ զոհերից 8-ը գրանցվել են Դիարբեքիրում PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն-խմբ) եւ թուրքական խորքային պետության հետ կապերի մեջ գտնվող իսլամիստական Huda par կուսակցության անդամների միջեւ բախումների հետեւանքով։
Մյուս զոհերը գրանցվել են բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության հետ բախումների ժամանակ։











