Երեւանի Ազատության հրապարակում խորհրդարանական եռյակի բազմահազարանոց հանրահավաքում միակ ելույթ ունեցողը, որն անդրադարձավ ԵՏՄ-ին անդամակցության ստորագրմանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էր:

Նրա խոսքով, Սերժ Սարգսյանը հինգ տարի առաջ ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունները, իսկ այսօր ազգադավ մի փաստաթղթի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու պայմանագիրը:

«Միայն լեգիտիմ իշխանությունը կարող է տեր կանգնել մեր երկրի սահմանադրական իրավունքներին»,- նշեց նա:

Հովհաննիսյանի ելույթի ընթացքում ժողովուրդը վանկարկում էր «Հիմա, հիմա»։ Հովհաննիսյանը ընդմիջեց, մոտեցավ Գագիկ Ծառուկյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ ինչ-որ բան քննարկելու: Սակայն կարճ երկխոսությունը, թերեւս, որեւէ արդյունք չտվեց, եւ բարձրախոսին մոտեցավ Գագիկ Ծառուկյանը: Վերջինս նշեց, որ այսօր ելույթ չի ունենալու:

Ծառուկյանը մասնավորապես նշել է. «Եթե դուք պատրաստ եք պայքարի, ես կլինեմ ձեր կողքին, եւ ես պատրաստ եմ դրան: Դեռ ոչ մի անգամ չի եղել, որ ես հրաժարվեմ իմ հայտարարություններից, այս անգամ էլ բացառություն չի լինելու»:

Նա պարզաբանեց, որ այսօրվա հանրահավաքում հանդես չի գա ելույթով, այլ կլսի իր գործընկերներին եւ կանի եզրակացություններ:

Ծառուկյանի ծավալուն ելույթը կլինի հաջորդ հանրահավաքում, որի ամսաթիվը հայտնի չէ:

Միաժամանակ ԲՀԿ առաջնորդը վստահություն հայտնեց, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը հաստատ կհասնեն հաջողությունների:  Նա նշել է, որ եռյակի քայլերը պիտի լավ հաշվարկված լինեն, ինչը թույլ կտա հաջողության հասնել ավելի շուտ, քան կարելի է սպասել:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am