Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր՝ հոկտեմբերի 11-ին,  օրհնեց UWC կրթական ցանցին միացած՝ Դիլիջանի քոլեջը։

«Գոհունակ սրտով Մայր աթոռ սբ Էջմիածնից մեր օրհնությունն ենք բերում ամենքին՝ Դիլիջանի միջազգային դպրոցի բացման կապակցությամբ։ Ողջունում ենք Դիլիջանի դպրոցի հիմնադրման նախաձեռնությունը։ Կրթօջախների բացումը միշտ բարի ու լուսավոր հույսերի ավետիս է ու առիթ։ Ուսումն ու կրթությունը միշտ եղել եւ մնում են կյանքի առաջընթացի հիմնական գրավականները։ Բարձր ենք գնահատում, որ միացյալ աշխարհի քոլեջներ կրթական հաստատությունը, աշխարհի բազմաթիվ երկրներում, հիմնադրած կրթական հաստատություններում ուսման շուրջ միավորում է տարբեր ազգերի , ժողովուրդների զավակներին՝ նպաստելով մարդկանց միջեւ խաղաղության եւ բարկամության ամրապնդմանը։ Սա մեծ առաքելություն է, քանի որ աշխարհն ալեկոծվում է սիրո պակասից»,-իր ելույթում ասաց Գարեգին Բ-ն։

Նա նշեց, որ վանքերը, որոնք շրջապատում են Դիլիջանի դպրոցը, ժամանակին միշտ եղել են կրթության կենտրոններ. «Դիլիջանի այս քոլեջը  տեղակայված է աշխարհաքաղաքական այնպիսի գոտում, որի ամենաբնորոշ հատկանիշը փխրուն խաղաղությունն է»։

Հիշեցնենք, որ այսօր բացվեց Արեւելյան Եվրոպայում եւ ԱՊՀ տարածքում Աշխարհի միացյալ քոլեջներ (UWC) կրթական ցանցի առաջին միջազգային դպրոցը՝ UWC Դիլիջանի քոլեջը:

Դիլիջանի դպրոցի նախագիծը իրականացնում է RVVZ «Ռուբեն Վարդանյան եւ Վերոնիկա Զոնաբենդ» հիմնադրամը, Scholae Mundi բարեգործական նախաձեռնությունների հիմնադրամը:

Դպրոցի հիմնադիր-գործընկերնեն են RVVZ համահիմնադիր, ձեռներեց եւ բարեգործ Ռուբեն Վարդանյանը, որը նաեւ UWC Դիլիջան քոլեջի հիմնադիր-գործընկերների խորհրդի նախագահն է եւ RVVZ համահիմնադիր, քոլեջի կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը, «Ռոսնանս»Կը ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Ավետիսյանը տիկնոջ՝ Աննա Ավետիսյանի հետ, RD Group ընկերության նախագահ Գագիկ Ադիբեկյանը, Flagship Ventures ընկերության ղեկավար-գործընկեր եւ գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանը՝ տիկնոջ՝ Աննա Աֆեյանի հետ, ISD («Դոնբասի արդյունաբերական միություն») ընկերություն գլխավոր տնօրեն Օլեգ Մկրտչյանը: