Պաշտոնական ընդդիմության բոլոր ներկայացուցիչները կույր եւ խուլ են ձեւանում ու չեն ուզում խոստովանել, որ «ընտրությունները» վերածվել են ռեժիմի վերարտադրության կատարյալ մեխանիզմի, ուստի դրանց մասնակցելը եւ համակարգի ներսում մնալը, ոչ այլ ինչ է, եթե ոչ ռեժիմի հետ գործարք եւ նրա լեգիտիմացում: Այս մասին հայտարարություն է տարածել «Նախախորհրդարանը»:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ուստի, բոլոր այն ուժերը, որոնք մնում են համակարգի ներսում, կամա թե ակամա դառնում են մեր երկրի ու ժողովրդի հակառակորդ:

Գործող կուսակցությունների ղեկավար կազմը, չնչին բացառություններով, ներկայիս կառավարող վերնախավի մասն է եւ բաղկացած է նույնպիսի ապազգային, նյութապաշտ ու ստրկամիտ մարդկանցից: Նույնիսկ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավար շերտը, չնչին բացառությամբ, գործակցում է ռեժիմի հետ եւ, ըստ էության, մեզ կառավարող բանդայի մաս է կազմում:

Եթե կուսակցությունները Հայաստանում իրավիճակը բարելավելու ծրագիր ունենային, նրանք արդեն լուծումները գտած կլինեին, իսկ մենք կտեսնեինք այդ ելքերն ու ավելի լավ երկրի մեջ կապրեինք: Դա մինչ օրս չի կատարվել: Ուստի, մենք արդեն կուսակցությունների հետ հույս չենք կապում եւ այլեւս սպասողը չենք:

Ուստի Նախախորհրդարանն առաջարկում է սկզբում գործող ռեժիմից դուրս ձեւավորել պետական կառավարման այլընտրանքային մարմիններ, ապա սկսել լեգիտիմացնել այդ մարմիններին:

Ձեւավորվում է Հիմնադիր Խորհրդարան»: