ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ UWC Դիլիջան միջազգային դպրոցում սովորեն նաեւ ադրբեջանցի ուսանողները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, դպրոցի պաշտոնական բացմանը հայտարարեց ՀՀ նախագահը:
«Մի բան ասեմ, որ շատերին կարող է շատ տարօրինակ թվալ: Ես ուզում եմ, որ այս դպրոցում սովորեն նաեւ ադրբեջանցի ուսանողները: Վստահ եմ, որ այդ օրը գալու է, եւ ցանկանում եմ, որ այդ օրը գա հնարավորինս շուտ»,-ասաց նախագահը:
Սերժ Սարգսյանը շնորհավորեց դպրոցի կոլեկտիվին, աշակերտներին, շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել էին դպրոցի կառուցմանը:
«Մենք չենք պատրաստվում որեւէ մեկի հետ մրցակցել բնական պաշարներով եւ սեփական երկրի ընդերքի շահագործմամբ: Ընդերքի հնարավորությունները սահմանափակ են: Մեր ընտրած ճանապարհը այս է: Մենք հետեւողականորեն զարգացնելու ենք մարդկային կապիտալը՝ օգտվելով մարդու ստեղծագործական բոլոր հնարավորությունից: Հայերի ուսումնատենչությունը, ստեղծագործական տաղանդը միշտ եւ ամենուր հիացմունք են առաջացնում: Եթե բնական պաշար սպառվելու է, ապա մարդկային այս որակն այդ վտանգին չի ենթարկվում: Մենք աշխարհին ներկայանում ենք ոչ թե նավթով, գազով, խավիարով, այլ մատենադարանով, Թումո կենտրոնով, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլոտում մեր ձեռքբերումներով եւ Դիլիջանի միջազգային դպրոցով»,-ասաց նախագահը՝ նշելով, որ դպրոցի միջազգային լինելու շնորհիվ այնտեղ սովորում են աշակերտներ տարբեր երկրներից, ինչը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար:
Նախագահը դպրոցին երկու գիրք նվիրեց, որոնք տեղեկություններ էին պարունակում Հայաստանի հուշարձանների մասին: Նա հանդիսավոր արարողությամբ բացեց դպրոցի ցուցատախտակը:












