Այս տարվա հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի ժամանակ բերման ենթարկված Լեւոն Զաքարյանին վարչական պատասխանատվության ենթարկելու գործով դատական նիստն այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում հետաձգվեց՝ հայցվոր կողմի՝ ոստիկանության ներկայացուցչի, չներկայանալու պատճառով։

Նշենք, որ հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի ժամանակ 27 ակտիվիստ էր բերման ենթարկվել՝ ըստ մեղադրանքի, ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար։ Ակտիվիստները պնդում են՝ այդ օրը ոստիկանության կողմից ոչ մի պահանջ չի եղել, որին իրենք չեն ենթարկվել։

«27 հոգու հունիսի 23-ի ակցիայի ժամանակ տարան Կենտրոնի բաժին, եւ վարչական պատասխանատվության վերաբերյալ արձանագրություն կազմեցին 50 հազար դրամի չափով։ Կոնկրետ ինձ բերման ենթարկեցին 6 հոգի կարմիր բերետավորներ՝ ոտքերից ու ձեռքերից բռնած»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց քաղաքացիական ակտիվիստ Լեւոն Զաքարյանը։

Նրա խոսքով՝ հունիսի 23-ին ակտիվիստներին բերման ենթարկելն ուղղակի իրենց «աչքը վախեցնելու», ինչ-որ ձեւ պատժելու համար էր. «Պատահականություն չէր կարող լինել, որ այդ օրը բերման ենթարկվածները միայն ակտիվիստներ լինեին»։

Լեւոն Զաքարյանը վստահեցրեց, որ եւ բերման ենթարկելը, եւ դատական նիստերն իրենց վրա ոչ մի ազդեցություն չի կարող թողնել, եւ իրենք նույն ոգով շարունակելու են պայքարել, իրենց դժոհությունը հայտնել տարբեր խնդիրների վերաբերյալ։

«Քանի համարում եմ, որ երկրում կան անարդարություններ, շարունակելու եմ պայքարել դրանց դեմ»,-հավելեց Լեւոն Զաքարյանը։

Նշենք, որ Լեւոն Զաքարյանին աջակցելու էին եկել մոտ մեկ տասնյակ ակտիվիստներ։

Դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 24-ին։