Երեւանի «Այբ» կրթահամալիրի 16 տարեկան սաները նախաձեռնել են Հայաստանում առաջին տեսանկարահանող թռչող սարքի կառուցումը, որն օդում կմնա մեկ օր: Կրթահամալիրի ռոբոտիկայի լաբորատորիայի աշակերտների 5 հոգանոց խումբը նախագծի վրա նոր է սկսել աշխատել:

«Այդ սարքը՝ պլաները, նախատեսված է օդային նկարահանումների համար, աշխատում է արեւային մարտկոցով: Մենք գիտեինք, որ օդային նկարահանող սարքերը մեկ կամ կես ժամից ավելի չէին կարող մնալ օդում, դրա համար մենք մտածեցինք՝ ինչ անել, որ սարքը հինգ, վեց, կամ տասը ժամ մնա օդում: Միակ լուծումը որ գտանք, արեւային մարտկոցն էր: Արեւային մարտկոցն արեւից հոսանք է ստանում ու հնարավորություն է տալիս, որ սարքն օդում մնա մեկ օր»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց 16-ամյա Միքայել Հովակիմյանը:

Աշակերտները մինչեւ այժմ նախագծի գծագիրն են միայն ավարտել, սպասում են որոշ դետալների, որոնք պատվիրել են արտերկրից: Ինչպես նշեցին նրանք՝ ոչ միայն այս, այլեւ ռոբոտների մեծ մասի պատրաստման գործում ամենից դժվարն անհրաժեշտ դետալները Հայաստանում գտնելն է:

«Առաջինը պետք է հասկանալ, թե ինչ պետք է անի ռոբոտը,  հետո հասկանալ, թե ինչպես ես պատրաստելու: Այնուհետեւ պետք է շատ աշխատել, որովհետեւ առաջին անգամից չի ստացվում, սովորաբար ստացվում է երրորդ, չորրորդ փորձից: Բայց այդքան էլ բարդ չի,  ամենից բարդը ռոբոտի մասերը Հայաստանում գտնելն է»,-ասաց Միքայելը:

Միքայելն ու իր ընկերները երեք տարի է, ինչ հաճախում են կրթահամալիրի ռոբոտիայի լաբորատորիա, արդեն 10 ռոբոտ գիտեն պատրաստել, որոնք մասնակցել են ցուցադրությունների, մրցույթների՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

«Նայում, տեսնում ենք, թե ինչ մրցույթներ կան, դրանց համապատասխան ռոբոտներ ենք պատրաստում: ԱրմՌոբոտիքս մրցույթին ենք մասնակցել, մեկ անգամ՝ առաջին, մեկ անգամ 2-րդ տեղն ենք գրավել: Ամերիկայում «Լավագույն պրեզենտացի» մրցանակն ենք ստացել: Այժմ էլ պատրաստվում ենք Սոչիում կայանալիք մրցույթին»,-ասաց ռոբոտիկայի դասարանում սովորող Արմինե Գեւորգյանը:

Մրցույթներին պատրաստվելու հետ մեկտեղ՝ ռոբոտիկայի լաբորատորիայի աշակերտները շուտով ավարտին կհասցնեն կվադրակոպտերի՝տեսանկարահանող անօդաչու թռչող սարքի նախագիծը: