Արագածոտնի մարզի Զովասար գյուղի դպրոցի տնօրեն Ալբերտ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 13-ին, որ  գյուղի դպրոցի մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի նախկին ուսուցիչ Տիգրան Սարգսյանին աշխատանքը վերականգնելու պահանջով դատական նիստին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանն էր եկել համագյուղացիների, դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների հետ:

Դատարանի մոտ սպասող դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները վրդովված էին: Նրանք պնդում էին, որ դպրոցի տնօրենի հրահանգով չեն դատարան եկել, այլ եկել են պաշտպանելու իրենց գյուղի պատիվն ու արժանապատվությունը:

«Հարյուր տարվա դպրոց է  կյանքում մեր դպրոցի հարգանքն ու պատիվը սենց չի ընկել, ոնց որ ինքը գցեց: Էս ինչ խուլիգան էր եկավ, ընկավ մեր դպրոցը: Ընդդիմությունի՞ց էր, ինչ էր, թող չգար մեր դպրոցը, մեր դպրոցի դիրեկտորի պես դիրեկտոր աշխարհ ման գաս, չկա: Նա եկավ մեր հեղինակությայն, մեր աշակերտների հեղինակության հետ խաղաց ու գնաց»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Զովասարի դպրոցի դռնապահ Ալվարդ Կարապետյանը աշխատանքից ազատված ուսուցչի մասին:

Տիկին Ալվարդը բողոքեց, որ Տիգրան Սարգսյանը դասերին չէր հաճախում, նորմալ դասավանդում չէր անցկացնում. «Երեխեքին ասում էր, առանձին եմ ապրում, եկեք առանձին պարապեմ ձեզ հետ, ինքը ի՞նչ իրավունք ունի դպրոցում չպարապի, այլ իր տանը կանչի երեխեքին  պարապելու»:

Դպրոցի ուսուցչուհի Գայանե Գեւորգյանն էլ ասաց, որ տնօրենին Տիգրան Սարգսյանը պահանջներ է ներկայացրել, որ իրեն լավ պայմաններ ունեցող տուն տան, քանի որ Երեւանից էր գալիս եւ մեկ օր մնում էր գյուղում:

«Ինքը էնպես է ներկայացրել, իբր ամբողջ օրը պայքարի մեջ է եղել, ինքը նույնիսկ ուսուցչանոցում չէ խոսում:  Սիրում էին աշակերտներն իրեն, ինչ կարող եմ ասել, բայց էն, ինչ նա բերեց մեր դպրոցի գլխին, շատ տգեղ երեւույթ էր: Ստից տեղը դատական քաշքշուկների մեջ է  ընկել մեր տնօրենը, փոխանակ դպրոցի գործերով զբաղվի»,-ասաց Գայանե Գեւորգյանը:

Ուսուցչուհին հերքեց , որ Տիգրան Սարգսյանին տնօրենն  աշխատանքից ազատել է կուտակայինից հրաժարվելու համար:

10-րդ դասարանի աշակերտուհի Արմինե Կիրակոսյանն էլ NEWS.am-ին  ասաց, որ Տիգրան Սարգսյանը դասաժամի ընթացքում աշակերտներին իր հեռախոսն է տվել,որ նրանք խաղեր խաղան, օգտվեն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից. «Կամ մեզ ասում էր գնացեք դուրս, բայց որ տնօրենը բռնի, ասեք՝ փախել ենք դասից, ես չեմ թողել»:

Աշակերտները նշեցին, որ տնօրենը նույնիսկ տեղյակ չի եղել, որ իրենք դատարան են եկել, դատարանի մոտ է իրենց տեսել:

Դատական նիստին տնօրենը՝ Ալբերտ Սարգսյանը շատ լարված էր, եւ նույնիսկ միջնորդություն ներկայացրեց, որ առանց լրագրողի անցնի դատական նիստը՝ հիմնավորելով, որ լրագրողները միակողմանի են լուսաբանում իր եւ Տիգրան Սարգսյանի միջեւ առաջացած խնդիրը: Դատարանը միջնորդությունը մերժեց:

Դատարանը պատասխանող կողմին խնդրեց ներկայացնել այն մատյանները, որում ըստ պատասխանողի կեղծ գրառումներ է արել աշխատանքից ազատված ուսուցիչը:

Դատարանը հարցին, թե արդյո՞ք Տիգրան Սարգսյանին մինչեւ աշխատանքից ազատելը տնօրենը նախազգուշացում արել է բացակայելու համար, պատասխանողն ասաց, որ միայն բանվոր նախազգուշացում է արել:

«Գրավոր բացատրություն եմ պահանջել մի քանի անգամ, բայց չի պատասխանել, ամբողջ կոլեկտիվը կարող է հաստատի»,-ասաց Ալբերտ Սարգսյանը:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 30-ին:

 Ալբերտ Սարգսյանը դատական նիստից հետո NEWS.am-ին ասաց, որ կուտակային պատճառով չի ազատել ուսուցչին, այլ  2 օր անհարգելի բացակայելու պատճառով:

«Ինքը փորձում է քաղաքականացնել, ես չգիտեմ իր նպատակն ինչ է, եւ շոու է դարձրել այս ամենը: Աշխարհահռչակ դեմք է ուզում դառնալ»,-ասաց տնօրենը:

Աշխատանքից ազատված ուսուցիչը պնդեց, որ ինքը  չի բացակայել, եւ  իրեն ոչ գրավոր, ոչ բանավոր նկատողություն չի արվել, այլ միանգամից աշխատանքից ազատվելու որոշում է եղել:

«Նույնիսկ իմ ազատման հրամանը չի տվել, աշխատանքային գրքույկի մեջ էլ առանց իմ համաձայնության նշել է ազատման հիմքը: Այսօր էլ ամբողջ կոլեկտիվը եկել էր, կարող է իրենց աշխատանքը պահելու համար են եկել, բայց երեխաների գալու հետ կապված, կարծում եմ, որ դա անբարոյական քայլ է՝ երեխաներին ստիպել, որ գան, ցուցմունք տան իրենց դասաավանդող մանկավարժի դեմ»,-ասաց Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ դատարան եկած աշակերտուհիներից մեկը գյուղապետի եղբոր աղջիկն էր, մյուսն էլ ընկերուհին, որոնք «անգիր արած» տեքստերով էին եկել:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 30-ին: