Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր` հոկտեմբերի 14-ին, նշեց Սուրբ Անանիայի հիշատակության օրը: Այդ առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի բերվեց Սուրբ Անանիայի Աջը, եկեղեցում մատուցվեց նաեւ Սուրբ պատարագ։
«Սուրբ Անանիայի Աջը ամեն տարի բերվում է Զորավոր Ս. Աստվածածին, քանի որ հենց եկեղեցու՝ Սուրբ Անանիայի անունը կրող մատուռում են ամփոփված առաքյալի մասունքները»,- ասաց եկեղեցու ծիսակատար քահանա Տեր Զենոն քահանա Բարսեղյանը։
4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն է իր հետ բերել Ս. Անանիայի մասունքները եւ ամփոփել մատուռում: Սակայն հստակ տեղեկություն չկա, թե որտեղից է բերել: Ենթադրվում է, որ Կեսարիայից վերադառնալիս, Գրիգոր Լուսավորիչը Ս. Հովհաննես Մկրտչի և Ս. Աթանագինե եպիսկոպոսի մասունքների հետ միասին բերել է նաեւ Ս. Անանիայի մասունքները։ Երբ Առաքել Դավրիժեցին խոսում է մատուռի կառուցման մասին, հստակ տարեթիվ չի նշում:
Ծիսակատարության ժամանակ ընթերցվեց Գործք առաքելոցի 9-րդ գլուխը, որտեղ մանրամասն նկարագրվում է Ս.Անանիայի ամբողջ վարքագրությունը, որի համաձայն`Ս. Անանիա առաքյալը` Հիսուսի 72 աշակերտներից մեկը, աղոթքով բուժում է կուրացած Ս. Պողոս առաքյալին, ինչից հետո քրիստոնյաներին հալածող Սողոսը վերափոխվում է, Ս. Անանիայի կողմից Ս. Մկրտությամբ ստանում է Պողոս անունը եւ անդամագրվում քրիստոնյաների ընտանիքին:
«Ըստ ավանդության` Անանիան նահատակվել է Քրիստոսի անվան համար, ինչպես Ստեփանոս Նախավկան: Նա, չհրաժարվելով Քրիստոսին պաշտելուց եւ երկրպագելուց, իր նահատակության պսակն է առել քարկոծումով»,- պատմեց Տեր Զենոն քահանան:
Նշենք, որ Մասունքակիր Աջը եկեղեցում կլինի մինչև երեկոյան ժամերգության ավարտը` 17:30-ը, որից հետո կրկին կտեղափոխվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:











