ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարո) մարմնական վնաս հասցնելու գործով դատական նիստն Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ընթացավ սպառնալիքների, փոխադարձ վիրավորանքների ու հայհոյանքների բացառիկ մթնոլորտում։ Այսօր առաջին անգամ դատարանում վկայություն տվեց ԲՀԿ-ական պատգամավորը, որը պատմեց 5 տարի առաջ տեղի ունեցած դեպքի մանրամասները։
«Արթուր Զադոյանին ճանաչել եմ շատ շուտվանից, որպես Դվինի բնակիչ։ Թշնամություն չենք ունեցել, լավություն եմ արել՝ երեխեքին մեծացրել եմ։ Ինձ 57,600 դոլար ա պարտք եղել, եւ դրա դիմաց գողացված ավտոմեքենաներ է առաջարկել։ Լենդ քրաուզերը ասում է՝ 18 հազար դոլարով է տալիս, սակայն 60 հազարից է սկսվում։ Հարցրել եմ՝ գողացված ա, ասել ա՝ չէ։ Հոկտեմբերի 5-ին, գնացինք, որ մեքենան տեսնենք, ասեցի, որ ֆրակցիայի նիստի եմ, ուշանում եմ, գնանք, շուտ հետ գանք։ Գնում ենք Նորագավիթ, բուկվալնո 30-40 րոպե չէինք շարժվել, զանգ եկավ, հեռախոսով խոսում էի պատգամավոր Տիգրան Ստեփանյանի հետ, հետեւիցս լոմով հարվածեցին, ասում եմ՝ էս ի՞նչ ընկավ գլխիս, ես չէի պատկերացնում, որ ինքը էդքան տղայ ա, որ կարա ինձ խփի, երկրորդ ուդառը եղավ»,- պատմեց պատգամավորը, ապա շեղվեց թեմայից ու սկսեց պատմել, որ Արթուր Զադոյանի «բիզնեսի», այն է՝ գողացված մեքենաների վաճառքի մասին։ Դատավորն ընդհատեց՝ հորդորելով չշեղվել թեմայից։ Յուվեցի Կարոն չենթարկվեց. «Հիմա էս եմ ուզում ասեմ, հարգելի դատավոր»։
ԲՀԿ-ական պատգամավորի պատմելով՝ երկրորդ հարվածից հետո ինքը շրջվել է, տեղափոխվել հետեւի նստարանին ու սկսել է ձեռով ու ոտքով հարվածել Արթուր Զադոյանին, այդ ընթացքում իր գլխից արյուն է հոսել. «12 հազար եվրո էի տվել կաստյումիս, 2 լիտր արյուն էր թափվել վրեն, տարա, թափեցի»։
Մեքենայից իջնելուց հետո, պատգամավորի խոսքով, ինքը աղոտ է հիշում՝ ինչ է կատարվել, միայն հիշում է, ինչպես էր Արթուրը մեքենայից հեռու կանգնած սպառնում, որ կսպանի իրեն։
«Վարորդիս գոռում եմ, ասում եմ՝ արա, գլխից խփի, սատկացրա, պրծնենք։ Արթուրն ասեց՝ դե բոլ էղավ, ես քեզ պտի խփեմ։ Արթուրը ուզում էր՝ զենքը հաներ, վարորդը օդ կրակեց, մի երեսուն վայրկյանից նորից փորձեց, Օնիկի ձեռից զենքը խլեցի ու օդ կրակեցի։ Ափսոս՝ գլխին չփխեցի, պտի գլխին խփած լինեի, որ սատկած լիներ։ Խփել եմ, կարոչի իրա ուղղությամբ, մեկը կպել է ոտքին, մեկը՝ ձեռքին»,- պատմեց Կարո Կարապետյանը։
Ոստիկանների գալուց հետո, ըստ պատգամավորի, իր վարորդը նրանց է փոխանցել «Արթուրի նասկու մեջից» հանած զենքը։ ԲՀԿ-ական պատգամավորին տեղափոխել են հիվանդանոց։
Դատախազի եւ ամբաստանյալի պաշտպանի հարցերին անընդհատ պատասխանում էր հայհոյախառն արտահայտություններով՝ անտեսելով դատավոր Թաթուլ Պողոսյանի նկատողությունները։
Պատգամավորն ասաց, որ 5 հատ զենքի պատյան ունի իր մեքենայում, իսկ զենքը, որից կրակել է, իրեն նվիրել է պաշտպանության նախարարը, «թուրքի զենք է եղել»։
Կարո Կարապետյանը հայտարարեց, որ Զադոյանն այդ օրն իրեն սպանելու նպատակ է ունեցել. «Ես իրան ուղղակի էդ օրը չսատկացրի, որ իմանամ՝ զակազչիկն ով ա»։
Ամբաստանյալի պաշտպանի հարցին, թե ինչու է նա վարորդի ձեռքից վերցրել զենքը ու կրակել, Կարո Կարապետյանը «նրբանկատորեն» նկատեց. «Կներեք, հարգելի դատարան, ինքն վախից շռել էր տակը, վրից հոտ էր գալիս»։
Պատգամավորը Արթուր Զադոյանի վարքը նկարագրելու համար միջոց չխնայեց. դատարանում հայտարարեց, որ Զադոյանը «երկու քրոջ հետ է ամուսնացել, գոմիկ է»՝ վերջին որակումը հիմնավորելով նրանով, որ Զադոյանի «շալվարը կարճ է»։
Իրավիճակը դատարանում սրվեց, երբ վկա, ԲՀԿ-ական պատգամավորի վարորդ Օնիկ Հովհաննիսյանին հարցեր ուղղեց ամբաստանյալը։ Կարո Կարապետյանի թիկնապահներն սկսեցին հայհոյել Արթուր Զադոյանին, նրանց միացավ պատգամավորը։ ԲՀԿ-ական պատգամավորը դժգոհ էր իր վարորդի պատասխաններից, նրան «անգրագետ ու ոչխար» էր անվանում։ Վարորդն էլ անընդհատ ամբաստանյալի կին-պաշտպանին «պարոնով» էր դիմում։
Նշենք, որ դատական նիստին սկզբին դատավորը հարցրեց, թե արդյոք կողմերը ցանկանում են գործը կասեցնել՝ հաշվի առնելով, որ վաղեմության ժամկետը լրացել է, սակայն կողմերը չհամաձայնեցին։
Դատական նիստը հետաձգվեց։
Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերին, Երասխ-Երևան ավտոճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում, ԱԺ ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ, Արարատի մարզպետարանի աուդիտոր Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Արթուր Զադոյանը ավտոմեքենայի համարանիշ ամրացնելու բանալիով հարվածել էր Կարո Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին և աջ ոտքին: Կարո Կարապետյանը նաև ծեծի էր ենթարկել Արթուր Զադոյանին, ով ոտքերի հարված էր ստացել գլխին և ուղեղի ցնցում ստացել: Զադոյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին և 3 վիրահատության ենթարկվել: ՀՔԾ-ում գործը վերաբացվել է այս տարվա մարտին: Արթուր Զադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել կրել հրազեն և ռազմամթերք եւ Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս և տվել սպանության սպառնալիքներ: Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավորի եւ Զադոյանի միջեւ թշնամանքի պատճառը խոշոր գումարն է՝ 57,600 դոլար, որը պատգամավորի պդնմամբ՝ Զադոյանը պարտք է իրեն։ Զադոյանի պնդմամբ՝ պատգամավորն է պարտք իրեն։











