«Նոյեմբերի 5»-ի գործով ամբաստանյալ Շանթ Հարությունյանը հիասթափված է Հայաստանի փաստաբանական ինստիտուտից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում իր վերջին խոսքում ասաց «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդը:
«Ես հիասթափված եմ փաստաբանական ինստիտուտից, այն սովետական ժառանգություն է։ Ակնհայտ անմեղ մարդու մասին խոսելիս պաշտպանն ասում է՝ մեղմացուցիչ հանգամանքները հաշվի առեք: Էս մարդիկ ունեն ենթական ստորոգյալի հետ խառնած սկզբունք: Ի՞նչ կապ ունի ՝մարդը հինգ երեխա ունի, թե չէ, եթե նա արդեն անմեղ է: Եթե հինգ երեխա ունի՝ պետք է չդատվի՞: Իմ համար էդ ամբողջը ապուշություն ա»,-ասաց Շանթ Հարությունյանը:
Ըստ Շանթ Հարությունյանի՝ այսօր Հայաստանում գործում է Սովետական Միության ժամանակների «մեղավորության կանխավարկածը», ըստ որի, ոչ թե իրավապահ մարմիններն են ապացուցում մեղադրյալների մեղավորությունը, այլ անկախ ամեն ինչից մեղադրյալներն իրենք պետք է ապացուցեն, որ անմեղ են:
«Սահմանադրության մեջ գրված էր, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Բայց Հայաստանում չկա իրավական արդարադատություն: Եթե չկա, ուրեմն ժողովուրդը դեբիլ ա, իրավական մտածողությունը դեբիլային վիճակում ա: Հիմա ասում ա՝ իշխանությունը ժողովրդին ա պատկանում: Ժողովուրդ նշանակում է ժողովված մարդ, Հայաստան հինգ հազար մարդ է գալիս սփյուռքից եւ աշխարհի տարբեր վայրերից, իրե՞նք էլ կարան իշխանություն լինեն: Դե եթե իշխանությունը ժողովրդին է պատկանում, ասեք ժողովրդի մասնիկ Շանթ Հարությունյանը դատվում ա»,- ասաց Շանթ Հարությունյանը՝ նշելով, որ իշխանությունը Հայաստանում ոչ թե ժողովրդին, այլ քաղաքացուն է պատկանում:
Շանթ Հարությունյանի խոսքով՝ Հայաստանում ստրկատիրական կարգեր են գործում, եւ դրանք կարելի է վերացնել միայն ապստամբության միջոցով:
«Հայաստանի Հանրապետությունում ֆիքսված է անհավասարություն: Քաղաքացին իրավունք չունի էս իշխանությունը ռեալիզացնելու: Երբ մեզ վերագրում են որպես ժողովուրդ, որ մենք իշխանության կրող ենք, բայց որպես քաղաքացի ոչինչ ենք, այդպիսով ստրկատիրական կարգեր են հաստատում: Եթե բարեփոխում չլինի իրավական համակարգում, ստրկատիրական համակարգը մնալու է: Բարեփոխումը ներքեւից ա լինում՝ ապստամբություն, ճնշում»,-ասաց Շանթ Հարությունյանը:
Ըստ Շանթ Հարությունյանի՝ Հայաստանում գործում է սովետական, ճորտատիրական մտածողություն, քանի որ չկա օրենք, որով կգնահատվի իշխանության ներկայացուցչի գործողությունը քաղաքացու սահմանադրական իրավունքի իրացման ժամանակ:
«Իշխանության ներկայացուցիչը չի կարա լինի հանցագործ, չի կարա մեղադրվի բռնություն գործադրելու մեջ քաղացիների սահմանադրական իրավունքը իրագործելիս: Իմ բրոնեժիլետը ապացույց չի ճանաչվել, քանի որ չի ենթադրվում, որ իշխանության ներկայացուցիչը կարա բռնություն գործադրի: Սովետական պետության Սահմանադրության մեջ գրված էր՝ ազատություն կա, բայց մեկը վեր էր կենում, ասում էր, որ ուզում եմ՝ իմ երկիրը ազատ լինի, ասում էին՝ հակասովետական է, դատում էին: Հիմա ինձ ասում են՝ կարող ես ազատության համար պայքարել, բայց դատում են: Հո ես մեր հարեւանի դեմ ցույց չէ՞ի անելու, ես իմ բողոքը ռեալիզացնելու էի իշխանությունների դեմ»-ասաց Շանթ Հարությունյանը:
Շանթ Հարությունյանի խոսքով՝ երթի օրը իրենք միայն խախտել են երթեւեկության կանոները, ինչի համար կարող էին միայն վարչական տույժ ենթարկել :
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրւջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի եւ նրա անչափահաս որդու նկատմամբ։
Հիշեցնենք, որ դատախազ Գեւորգ Գեւորգյանը անչափահաս Շահեն Հարությունյանի համար առաջարկել է 5 տարվա, իսկ Շանթ Հարությունյանի համար՝ 7 տարվա ազատազրկում։











