«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ «Նոյեմբերի 5-ի» գործով որպես ամբաստանյալ անցնող Շահեն Հարությունյանը չի ափսոսում ոչնչի համար եւ անհրաժեշտության դեպքում երկրորդ անգամ էլ նույն կերպ կվարվեր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ համայանքների ընդհանուր իրավասության դատարանում իր վերջին խոսքում ասաց ամբաստանյալը:

«Այո, ես խփել եմ ոստիկանի եւ չեմ զղջում արարքիս համար, եթե նորից այսպիսի իրավիճակ ստեղծվի, նորից կանեմ: Մեր ընտանիքի պայքարը հանուն Հայաստանի անկախության սկսել է պապիկիս հորից՝ Հարություն Հարությունյանից: Նրան ԿԳԲ-ն հալածեց, աքսորեց: Նրանից հետո պայքարը շարունակել են նրա որդիները՝ Շահեն եւ Մարզպետ Հարությունյանները: Հիմա ապայքարում է Շահենի որդին՝ Շանթ Հարությունյանը:  Ես շարունակելու եմ Հարությունյանների 70-ամյա պայքարը, պայքարելու եմ ազատ, ինքնիշխան Հայաստանի համար, բանտարկությունն ինձ չի ընկճելու: Ես հպարտ եմ, որ նման ընտանիքի զավակ եմ ու նրանց զավակը»,- հայտարարեց Շահեն Հարությունյանը։

Շահենի խոսքով՝ «Նոյեմբերի 5-ին» նախորդած նստացույցի օրերին ինքն սկսել է հասկանալ հեղափոխության պայքարի իմաստը. «Ազատությունն ամենաթանկն է մարդու համար, որին հասնում են դժվարությամբ, ազատությունը պահելու համար արժե պայքարել մի ամբողջ կյանք: Այո, ազատության համար կարելի է անձնազոհ լինել: Շատ եմ լսել նախնիներիս ու հորս պայքարի մասին: Հորս պայքարը տեսա 2008-ին,  բայց ցավոք, շատ փոքր էի եւ շատ բան չէի հասկանում: Ամբողջ նստացույցի օրերին ես հույս էի փայփայում, որ ժողովուրդը կհասկանա, որ բացի նյութականից պետք է նախ պայքարել ազատության եւ արժանապատվության համար»։

Հիշեցնենք, որ դատախազ Գեւորգ Գեւորգյանը անչափահաս Շահեն Հարությունյանի համար առաջարկել է 5 տարվա ազատազրկում։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրւջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի եւ նրա անչափահաս որդու նկատմամբ։