Երեւանի Եկմալյան, Ֆիրդուսի, Արամի եւ Բուզանդի փողոցների՝ գերակա շահի զոհ դարձած մի քանի տասնյակ նախկին բնակիչներ այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հավաքվել են Կառավարության շենքի մոտ՝ պահանջելու հանդիպում վարչապետի հետ:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ Ֆիրդուսի փողոցի նախկին բնակիչներից երկուսը փորձել են ներխուժել շենք, սակայն ոստիկանները թույլ չեն տվել:
«Հերիք եղավ, էլ չենք դիմանում, մի կանգնի դիմացս, գալու եմ Կառավարությունում ապրեմ, 4 տարի է՝ քուչեքն եմ: Գնալու եմ պաշտոնատար անձանց բնակարանները գրավեմ, էնտեղ մնամ»,-իրեն հետ պահող ոստիկաններին բղավելով դիմեց կինը: Նրան մի քանի անգամ հաջողվեց ճեղքել ոստիկանական պատը, նա մոտեցավ մուտքին եւ ձեռքերով հարվածեց շենքի պատուհանների ապակիներին:
Կնոջ արարքից ոգեւորված՝ մյուս բնակիչները նույնպես փորձեցին մոտենալ Կառավարության շենքի մուտքին, սակայն ոստիկանները կրկին թույլ չտվեցին: Այնուհետեւ ոստիկանական նոր ուժեր ժամանեցին, այս պահին նրանք արդեն երկու շարքով են հսկում շենքի մուտքը:
Կառավարության մոտ հավաքված բնակիչներն այժմ «վարչապետ» են վանկարկում, նրանք նշում են, որ կմնան շանքի մոտ այնքան, մինչեւ չհանդիպեն վարչապետին. «Չենք գնալու, մինչեւ որ ժամն էլ լինի՝ մնալու ենք: Էնքան վրդովված ենք, որ նույնիսկ պատուհաններն ենք պոկելու: Մեզ խաբեցին, ասացին՝ բնակարանները կտան, բայց արդեն երկար տարիներ է՝ վարձով ենք ապրում: Էլ ե՞րբ պիտի վայելենք»:











