Երեւանի Եկմալյան, Ֆիրդուսի, Արամի եւ Բուզանդի փողոցների՝ գերակա շահի զոհ դարձած մի քանի տասնյակ բնակիչներ, որոնք այսօր՝ հոկտեմբերի 16-ին, բողոքի ակցիա էին անցկացնում Կառավարության շենքի մոտ, մի քանի րոպեով փակել են Նալբանդյան-Տիգրան Մեծ խաչմերուկը (ֆոտոռեպորտաժ

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանները նրանց հրելով դուրս բերեցին մայթ, կանանցից մեկը պառկեց փողոցում, ոստիկանները նրան նույնպես հեռացրին։ Բնակիչները դրանից հետո կրկին փորձեցին փակել փողոցը, ոստիկանները սկսեցին հրել նրանց, ինչի հետեւանքով տարեց բնակիչներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, նրա համար «Շտապօգնություն» կանչեցին։

Դրանից հետո բնակիչներին հաջողվեց եւս մեկ անգամ ճեղքել ոստիկանական շղթան ու կրկին փակել փողոցը։ Կառավարության նամակների ըդնունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը մոտեցավ նրանց, փորձեց բանակցել։ Բնակիչները պահանջում էին հանդիպում վարչապետի հետ՝ հիշեցնելով, որ գերական շահ ճանաչված իրենց նախկին սեփականության դիմաց խոստացված փոխհատուցումը դեռ չեն ստացել ու արդեն քանի տարի ստիպված վարձով են բնակվում։ Նրանց մի մասին Ալեքսանդր Ղազարյանին հաջողվեց համոզել եւ ուղեկցել ընդունարան, մյուս խումբը, սակայն, առանձնացավ ու փորձեց ներխուժել կառավարության շենք, ոստիկանները նրանց հեռացրին մուտքի մոտից։

Այս պահին քաղաքացիների հետ բանակցում է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ բացատրելով, որ հասարակական կարգը խախտելով ոչնչի չեն հասնի։ Կառավարության մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր կան։

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am