Նոյեմբերի 5-ի գործով դատապարտվածներ, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների դատավճռի հրապարակումը այսօր՝ հոկտեմբերի 17-ին, իրարանցում առաջացրեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում։
Ամբաստանյալների հարազատներն ու ընկերները ամոթանք էին տալիս դատարանին՝ «խուժան» եւ «ազգի դավաճան» անվանելով վճիռը կայացնողներին։ Դահլիճում ներկա կանայք արտասվում էին։
Դատապարտվածներն ավելի հանգիստ ընդունեցին դատավճիռը ու սկսեցին հուսադրել հարազատներին. «Պինդ մնացեք, դեռ էլի գործ ունենք անելու»։
Դատավարության ավարտից հետո դատապարտյալների հարազատներն ու ընկերները չհեռացան, հավաքվեցին դատարանի բակում, դրսում վանկարկում էին «ազգի դավաճաններ, Գեւորգ Գեւորգյան», «ազգի դավաճան, Մացո»՝ նկատի ունենալով, համապատասխանաբար գործով դատախազին եւ դատավորին, եւ հայրենասիրական երգեր երգում։
Չորս տարվա պայմանական ազատազրկման դատապարտված անչափահա Շահեն Հարությունյանի տատիկը՝ տիկին Լյուդմիլա Բադալյանը, ասաց, որ թեեւ իր թոռանը պայմանական ազատազրկում են նշանակել, սակայն դա նույնպես արդարացի չէր. «Ինչո՞ւ պիտի 15 տարեկան էրեխուն թեկուզ պայմանական տային։ Էս էրեխեն խուժա՞ն ա։ Իրենց երեխաները թող Շահենի եղունգի չափ լինեին»։
Շահենի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը, լրագրողների հետ զրույցում այսօրվա դատավճիռը «Հայաստանի կործանման սկիզբը» անվանեց։
«Էս լուսավոր, պայծառ դեմքերին որ էս պատժաչափը տվեցին, չեն մարսելու։ Դատապարտում են ազատության համար պայքարելու համա՞ր։ Մարդը, որ 15 տարեկանում դուրս է եկել իր երկիրը պաշտպանելու, նրան դատապարտո՞ւմ են։ Ու ժողովուրդը լռելու է։ Ու թող իմանան, որ բոլորի դուռը չոքելու է էն, ինչ էս ընտանիքների գլխին եկավ այսօր»,- ասաց տիկին Ռուզաննան։
Դրսում հավաքվածները «ազատ, անկախ Հայաստան» եւ «հերոսներ» վանկարկելով ճանապարհեցին դատապարտվածներին։
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանին հոկտեմբերի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, նրա անչափահաս որդուն՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին նույն հոդվածով մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։ Դատավորը ամբաստանյալ Վարդան Վարդանյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտեց 5 տարի ազատազրկման, Ավետիս Ավետիսյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտեց 5 տարվա ազտազրկման, Լիպարիտ Պետրոսյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտեց 5 տարի ազատազրկման, Ալեք Պողոսյանի նույն հոդվածով դատապարտեց 4 տարի ազատազրկման, Վահե Մկրտչյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատապարտելով 7 տարի ազատազրկման, Ալբերտ Մարգարյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտեց 6 տարի ազատազրկման, Մկրտիչ Հովհաննիսյանին նույն հոդվածով դատապարտեց 4 տարի ազատազրկման, Հայկ Հարությունյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտելով 4 տարի, 6 ամիս ազատազրկման, Սեւակ Մնացականյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով եւ դատապարտեց 1 տարի, 6 ամիս ազատազրկման, Տիգրան Պետրոսյանին նույն հոդվածի կետերով մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 1 տարի ազատազրկման, Արմեն Հովհաննիսյանին նույն հոդվածով դատապարտեց 2 տարի ազատազրկման։ Միսակ Առաքելյանին դատարանը մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով եւ նշանակեց 50 հազար դրամի տուգանք։
ԻՆչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։











