«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանի եւ ընկերների ազատազրկումը քաղաքական հետապնդման  ուղղակի դրսեւորում է, որը մեծագույն խայտառակություն է  բոլորի համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

«Տխրությամբ ճանապարհեցի Շանթին եւ տղաներին: Այսօր մենք ականատես եղանք, որ ոչ թե Մաքսային միության անդամ ենք դարձել, այլ սովետական միության ստալինյան ժամանակների, որովհետեւ ես շատ դատերով եմ անցել, նույնիսկ սովետական էն վայրագ տարիներին՝ 1973թ.-ին, երբ ամենալուրջ գործն էր ամբողջ սովետական միության մասշտաբով, դատավորը չհամարձակվեց իմ վերջին խոսքը ոչ ընդհատել, ոչ էլ զրկել դրա իրավունքից»,-ասաց նա:

ԱԻՄ առաջնորդի խոսքով՝ վերջին խոսքի իրավունքի խախտումը մարդկության եւ քաղաքակրթության վերջն է, որովհետեւ ամենածնր հանցագործի համար դա իր պաշտպանվելու վերջին հնարավորությունն է:

«Նույնիսկ մի պահ ենթադրում եմ, որ դատավորը հատուկ արեց դա, որպեսզի շատ խոցելի դատավճիռ լինի, որովհետեւ եթե դատավարության ընթացքում ամբաստանյալը զրկվում է վերջին խոսքի հնարավորությունից, ապա աշխարհի որեւէ օրենքով, կամ որեւէ դատարանի առաջ այդ դատավճիռն անօրինական է»,-ասաց Պարույր Հայրիկյանը:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանին հոկտեմբերի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեղավոր  ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, նրա անչափահաս որդուն՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին նույն հոդվածով մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։ Դատավորը ամբաստանյալ Վարդան Վարդանյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտեց 5 տարի ազատազրկման, Ավետիս Ավետիսյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտեց 5 տարվա ազտազրկման, Լիպարիտ Պետրոսյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտեց 5 տարի ազատազրկման,  Ալեք Պողոսյանի նույն հոդվածով դատապարտեց 4 տարի ազատազրկման, Վահե Մկրտչյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատապարտելով 7 տարի ազատազրկման,  Ալբերտ Մարգարյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտեց 6 տարի ազատազրկման, Մկրտիչ Հովհաննիսյանին նույն հոդվածով դատապարտեց 4 տարի ազատազրկման, Հայկ Հարությունյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտելով 4 տարի, 6 ամիս ազատազրկման, Սեւակ Մնացականյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով եւ  դատապարտեց 1 տարի, 6 ամիս ազատազրկման, Տիգրան Պետրոսյանին նույն հոդվածի կետերով մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 1 տարի ազատազրկման, Արմեն Հովհաննիսյանին նույն հոդվածով դատապարտեց 2 տարի ազատազրկման։  Միսակ Առաքելյանին դատարանը մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով եւ նշանակեց 50 հազար դրամի տուգանք։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։