Կոչ եմ անում ամենեւին ուշադրություն չդարձնել ընդդիմադիր համարվող որոշ լուսանցքային ուժերի հիստերիկ արձագանքին: Այս մասին Ազատության հրապարակում իր ելույթում հայտարարել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նա մասնավորապես, նշել է.

«Այսօրվա հանրահավաքի հիմնական ելույթի պատիվը վերապահված լինելով Գագիկ Ծառուկյանին, ես կբավարարվեմ ընդամենը մի քանի դիտարկումներով:

Առաջին, նոր համաժողովրդական առաջին երկու հանրահավաքների բազմամարդությունը ցույց է տալիս, որ Հայաստանում մեկնարկել է իշխանափոխության մի հուժկու գործընթաց, որը հաջողությամբ պսակվելու լուրջ հեռանկար ունի: Ուստի կոչ եմ անում ամենեւին ուշադրություն չդարձնել ընդդիմադիր համարվող որոշ լուսանցքային ուժերի հիստերիկ արձագանքին:

Դա բացատրվում է մի պարզ պատճառով: Շատ ավելի լուրջ քաղաքական ուժեր, որոնք իբր 70 տարի պայքարել են Հայաստանի անկախության համար, երբ 90-ականներին դա հնարավոր դարձավ, մեկ ակնթարթում դավանափոխ եղան եւ դեմ արտահայտվեցին: Քանի որ դա տեղի էր ունենում ոչ թե իրենց, այլ ուրիշների շնորհիվ: Նույն բանն է տեղի ունենում նաեւ այսօր որոշ լուսանցքային ուժեր կատաղի պայքար են սանձազերծել մեր դեմ, ձեր դեմ՝ նախընտրելով որ սարգսյանական ռեժիմը հարյուր տարի էլ թալանի երկիրը, միայն թե իշխանափոխություն չլինի ուրիշի միջոցով:

Լուսանցքային ուժերի պարագայում առկա է ֆրուստրացիայի մի այլ ծանրակշիռ պատճառ: Երեք տարի շարունակ քարոզելով, պնդելով, թե Ծառուկյանը խաղ է խաղում Սերժի հետ, այսօր հայտնվել են իրենց կանխատեսման մեջ խայտառակ լինելու փաստի առաջ:

Ես չեմ հասկանում, որ այսպես խայտառակ լինելուց հետո ինչպես են զբաղվելու քաղաքականությամբ: Գլխովին լծվելով համաժողովրդական շարժման դեմ պայքարին, մարգինալ ուժերը ստանձնել են Սերժ Սարգսյանի պաշտպանի դերը:

Ընդդիմության ընդդիմությունը Սերժ Սարգսյանի բարեկամն է: Փակելով մարգինալների թեման, խոստանում եմ այլեւս երբեք չանդրադառնալ նրանց, նույնը ակնկալելով նաեւ իմ գործընկերներից»: