Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետի կիսակառույց շենքի առջեւ արդեն 20 օր է՝  առավոտից երեկո անվճար լավաշի համար հերթեր են: Լավաշը թխում են ապագա սուպերմարկետի արտադրամասում եւ անձնագրերով տալիս միայն Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներին: Յուրաքանչյուր ընտանիք մեկ օրում կարող է միայն 3 լավաշ ստանալ:

«Ես շնորհակալությունս եմ հայտնում, օրհնանքս եմ տալիս պարոն Ալեքսանյանին: Սա առաջին դեպքն է. ոչ ցարական կառավարության, ոչ սովետականի ժամանակ ես չէի տեսել, որ մեկը մի հաց կամ լավաշ տար ձրի, թեկուզ միլիոնատեր լինեին»,-NEWS.am-ին ասաց լավաշի իր հերթին սպասող կանանցից մեկը՝ գովելով Սամվել Ալեքսանյանի նախաձեռնությունը:

Լավաշի արտադրամասի աշխատողները վստահեցրին, որ անձնագրերը նրա համար են, որ միայն Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչները լավաշ ստանան: Նրանց խոսքով՝ «բարեգործության» նախաձեռնողը՝ Սամվել Ալեքսանյանը, անձամբ է հետեւում գործին, հաճախ այցելում է լավաշի արտադրամաս, հետեւում հերթին։

Հերթի մեջ կանգնած մի կին էլ նշեց, որ առաջին օրերին մեծ հերթեր էին  գոյանում, նույնիսկ մի տնից մի քանի անգամ էին գալիս լավաշ ստանալու, վեճեր էին առաջանում, այդ պատճառով  լավաշ ստանալու կարգը փոխվել է, եւ այժմ միայն Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներն են լավաշ ստանում:

Բնակիչների խոսքով՝ լավաշն իրենց համար մեծ օգնություն է,  ամեն օր գալիս են այն ստանալու, անգամ եթե ստիպված են լինում ժամերով կանգնել 200-300 հոգանոց հերթերում:

Նշենք, որ լավաշի հերթում կարելի էր տեսնել սոցիալական տարբեր շերտերի ներկայացուցիչների՝ բոմժերից մինչեւ «լավ հագնված» բնակիչներ։

Արտադրամասի աշխատակիցներն ասացին, որ տեղյակ չեն, թե մինչեւ երբ է շարունակվելու անվճար լավաշի ակցիան։