Մեկ անգամ հետաձգելուց եւ նախապես հասատատված բյուջեն մի քանի անգամ փոքրացնելուց հետո այսօր՝ հոկտեմբերի 25-ին վերջապես նշվեց Գյումրիի օրը։

Տոնի մեկնարկը տրվեց Սպանդարյանի անվան փողոցի բացմամբ, այնուհետեւ կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ ռետրո մեքենաների ցուցադրություն, Հրանտ Թադեւոսյանի գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդես, արհեստագործական ավանդույթների փառատոն, գյումրեցի մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազի անվան փողոցի անվանակոչություն եւ գրողի «Թոնդրակեցիներ» գրքի շնորհանդես, ապա հացի փառատոն:

Խոստացված տոնական համերգը, որը պետք է կայանար կենտրոնական հրապարակում, տեղի ունեցավ Վարդան Աճեմյանի դրամատիկական թատրոնում,ինչի պատճառով շատ գյումրեցիներ չկարողացան ներկա գտնվել իրենց քաղաքի տոնական համերգին, քանի որ մուտքը հրավիրատոմսերով էր:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս տարի հյուրերի թիվը համեմատաբար քիչ էր, ներկա էին սպորտի նախարարը, մշակույթի փոխնախարարը եւ ԱԺ շիրակցի պատգամավորները, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Տոնակատարության վերջում բացվեցին գյումրեցիների համար երկար սպասված պարող, գունավոր շատրվանները, որոնք համայնքի բյուջեից 40 մլն ՀՀ դրամ գումարով վերանորոգել էր Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի դասընկեր Մկրտիչ Նալչաջյանը։

Նշենք, որ այս տարի քաղաքի օրվա միջոցառումների համար ավագանու որոշմամբ քաղաքապետարանի բյուջեից հատկացվել էր 17 մլն դրամ, սակայն, ավելի ուշ, քաղաքապետի որոշմամաբ բյուջեն մի քանի անգամ կրճատվել էր՝ կազմելով 4 մլն դրամ: