Իշխանություններն ամեն ինչ արեցին հոկտեմբերի 27-ի գործը կոծկելու համար։ Այս մասին այսօր՝ Հոկտեմբերի 27-ի 15-րդ տարելիցին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը։
Նրա խոսքով՝ Հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը չփարատեց հասարակության կասկածները։
«Հոկտեմբերի 27-ի ծանր հետեւանքներն առ այսօր հաղթահարված չեն։ Համոզված եմ, որ բոլորովին այլ երկրում կապրեինք այսօր, եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը։
Համոզմունք հայտնելով, որ ոճրագործությունն իրականացնողների հետեւում այլ ուժեր են կանգնած եղել, Ստեփան Դեմիրճյանը հույս հայտնեց, որ ճշմարտությունը ի վերջո կբացահայտվի։
Հիշեցնենք, որ 15 տարի առաջ հոկտեմբերի 27-ին ահաբեկիչների խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեց Հայաստանի ԱԺ նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեց կառավարության եւ եւ խորհրդարանի անդամներին: Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:
Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց երեք տարի (2001-2003): 6 ահաբեկիչները, այդ թվում նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:
3 տարի տեւած դատավարությունն այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ վեր հանել ահաբեկչության կազմակերպիչներին եւ մինչ օրս էլ հասարակությունը լուրջ կասկածներ ունի կազմակերպիչների մասով: Շատերը պնդում են, որ դրա թիկունքում կանգնած է եղել իշխանության այն հատվածը, որը ահաբեկչությունից հետո ամբողջությամբ տեր դարձավ երկրի իշխանությանը:











