«Ես դեռ չծնված՝ դուք խլում եք իմ տակաշորի գումարը», «Մի գողացեք մայրիկիս գումարը», «Մեկ մայրն ուժեղ է, միասին կստեղծենք բանակ» գրությամբ պաստառներով մի քանի տասնյակ երիտասարդ ծնողներ այսօր՝ հոկտեմբեր 27-ին, հավաքվել են Ազգային ժողովի շենքի մոտ, որտեղ պատրաստվում են ներկա գտնվել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի խորհրդարանական լսումներին:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ծնողներից ոմանք ԱԺ-ի մոտ են բերել նաեւ իրենց երեխաներին: Հավաքվածների խոսքով՝ նոր օրենքը բացասական հետեւանքներ կունենա՝ հանգեցնելով ծնելիության կտրուկ նվազմանը:
«Վտանգված է այն կանանց երեխա ունենալու որոշումը, որոնք մինչեւ հղիանալը տարբեր տեսակի հարկեր են մուծել պետությանը: Այդ օրենքի ընդունումը կնշանակի, որ պետությունը չի ուզում, որ աշխատող կանայք երեխաներ ունենան: Ես միտում եմ տեսնում, որ նման նախագծերը գողեգող օրենք են դարձնում: Բոլոր իրավագիտակից մարդիկ պետք է թույլ չտան, որ այս նախագիծը դառնա օրենք: Թող էլի բարձրացնեն չաշխատող մայրերի գումարը, բայց ոչ մեր հաշվին, պետք չէ դրա համար կրճատել մեր գումարը»,- ԱԺ շենքի մոտ լրագրողներին ասաց հավաքվածներից Մանե Թանդիլյանը:
Բողոքի ցույցի մասնակիցներից 10-ը նախապես գրացվել են, նրանք պատրաստվում են ԱԺ-ում խորհրդարանական լսումներին ելույթ ունենալ։
Նշենք, որ ըստ օրենքի փոփոխությունների, կրճատվում է աշխատող հղի կանանց նախածննդյան և հետծննդյան արձակուրդի համար վճարվող նպաստի չափը, դրվում է միջին աշխատավարձի վերին շեմ, որից հաշվարկվելու է մայրության նպաստը, կրճատվում է երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը (ներկայում վճարվում է մինչև երեխայի 2 տարին լրանալը): Կառավարությունը փոփոխությունները հիմնավորում է այդ գումարների հաշվին չաշխատող կանանց համար մայրության նպաստ սահմանելու անհրաժեշտությամբ։











