Կենդանապաշտպան մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Երեւանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիայով պահանջեցին դադարեցնել Երեւանում թափառող շների զանգվածային սպանդը:

Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ քաղաքապետարանը խախտում է 8 տարի առաջ ստորագրած այն տենդերի պայմանները, ըստ որի պետբյուջեից տարեկան 220 միլիոն դրամ դուրս է գրվում՝ թափառող հիվանդ շներին քնեցնելու, առողջներին՝ ստերիլիզացնելու համար:

Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի կազմակերպիչներից Նունե Մեհրաբյանը՝ քաղաքապետարանի հրամանով «Յունիգրաֆ Իքս» ՍՊԸ-ն ստերիլիզացնելու փոխարեն սպանդի է ենթարկում շներին, դրա հետեւանքով ավելանում է թափառող շների քանակը՝ պայման ստեղծելով հետագայում բյուջեից կրկին գումար դուրս գրելու համար:

 «Այն սպանդը, որ Տարոն Մարգարյանը իրականացնում է առեւտրի վարչության պետի հետ, ոչ ավելին, քան կեղտոտ բիզնես է: Հիմա քաղաքապետարանը անօրեն գործողություն է կատարում, այդ մեծ գումարները դուրս են գրվում որպես ստերիլիզացում: Ստերիլիզացման դեպքում ներքին վիրահատություն է արվում, հեռացվում է շան ձվարանը, արգանդը, այն այլեւս պտուղ չի տալիս: Տարի առ տարի այդպես կենդանիները նվազում են, ու եթե չստերիլիզացված շուն չմնա, էլ ինչի՞ համար պետք է էդքան գումար դուրս գրեն»,-ասաց Նունե Մեհրաբյանը:

Նունե Մեհրաբյանի խոսքով՝ սպանդը գիշերն է կատարվում, էգ շներին չեն վնասում, որ շարունակեն սերունդ տալ. «Գիշերը հավաքում են շներին, մորը թողնում են, աչքերը դեռ փակ ձագերին սպանում, որսորդներով կրակում են: Սա ամոթ է մեր երկրին: Հեչ խիղճ չունե՞ն էդ մարդիկ: Ի վերջո մենք քրիստոնյա ենք, Եղեռնի մասին ենք խոսում, բայց պակաս բան չենք  անում»:

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ քաղաքապետարանը պետբյուջեից վերցրած գումարի հաշվետվությունում շների քանակի այնպիսի թիվ է նշում, որն իրականությանը չի համապատասխանում:

«Ստերիլիզացված շների ֆանտաստիկ թվեր են ցույց տալիս հաշվետվություններոմ: 9 միլիոնանոց Մոսկվայում 25 հազար շուն է հաշվարկված: Կես միլիոնանոց Երեւանում, իրենց ներկայացնելով 40 հազար շուն կա, որոնց համար են այդ գումարը հանում պետբյուջեից»,-ասաց Նունե Մեհրաբյանը՝ նշելով, որ այսօր վիճակը ծայրահեղ չէ, քանի որ կամավորների շնորհիվ տարեկան որոշ քանակությամբ շուն է ստերլիզացվում, որոշ քանակով թափառող շներ որդեգրվում են:

Ակցիայի մասնակիցները ցանկանում էին հանդիպել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ու անձամբ նրան հանձնել իրենց բողոքով գրություն-նամակը, սակայն որոշ ժամանակ անց սպասելուց հետո նրանց հետ զրուցելու իջավ  քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետի տեղակալ Ալֆրեդ Հունանյանը, որին նրանք գոռգոռոցներով դիմավորեցին:

Նա պնդեց, որ իրենք երբեւէ հրազեն չեն կիրառում շների նկատմամբ. ստերիլիզացնում կամ քնեցնում են նրանց: Նա նաեւ նշեց, որ բյուջեից հատկացվող գումարը հաջորդ տարի կրճատվելու է, քանի որ թափառող շների քանակը պակասել է: