ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Կոմիտասի անվան պանթեոնում Կարեն Դեմիրճյանի շիրմին ծաղիկներ դնելուց հետո, «Եռաբլուր» պանթեոնում Ստեփան Դեմիրճյանի եւ Կոնգրեսի այլ անդամների հետ ծաղիկներ դրեց Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած, Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին։
ՀՀ առաջին նախագահի այցելության պահին «Եռաբլուրում» էր նաեւ Վազգեն Սարգսյանի մայրը։ Լեւոն Տեր-Պետրոսյանը մոտեցավ տիկին Գրետային եւ իր զորակցությունը հայտնեց նրան։
Լեւոն Տեր-Պետրոսյանը ծաղիկներ դրեց նաեւ «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ, 2014թ. մահացած Սմբատ Այվազյանի գերեզմանին, մի քանի րոպե կանգնեց եւ հեռացավ՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին։
Նշենք, որ առաջին նախագահը «Եռաբլուր» պանթեոն էր այցելել ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի, ՀԱԿ պատգամավորների եւ ՀԱԿԿ անդամների ուղեկցությամբ։
Հիշեցնենք, որ 15 տարի առաջ հոկտեմբերի 27-ին ահաբեկիչների խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեց Հայաստանի ԱԺ նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեց կառավարության եւ եւ խորհրդարանի անդամներին: Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:
Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց երեք տարի (2001-2003): 6 ահաբեկիչները, այդ թվում նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:
3 տարի տեւած դատավարությունն այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ վեր հանել ահաբեկչության կազմակերպիչներին եւ մինչ օրս էլ հասարակությունը լուրջ կասկածներ ունի կազմակերպիչների մասով: Շատերը պնդում են, որ դրա թիկունքում կանգնած է եղել իշխանության այն հատվածը, որը ահաբեկչությունից հետո ամբողջությամբ տեր դարձավ երկրի իշխանությանը:











