ԼՂՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում այսօր` հոկտեմբերի 27-ին, հունիսի 29-ին ԼՂՀ տարածք ներթափանցած ու հուլիսի սկզբին Քարվաճառի շրջանում 17-ամյա Սմբատ Ցականյանին դաժանաբար սպանած ադրբեջանցիների գործով առաջին դատական նիստին սպանված երիտասարդի մորն ու եղբորը թույլ չէին տալիս դատին ներկա գտնվել, քանի որ նրանք գործով վկաներ են: (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակիցը Ստեփանակերտից հաղորդում է, որ ընդմիջման ավարտին Սմբատ Ցականյանի մայրը` Կարինե Ցականյանն ու եղբայրը` Սարգիս Ցականյանը, մտել էին նիստերի դահլիճ եւ հրաժարվում էին դուրս գալ:

«Իմ ախպոր դատն ա, ինձ ասում եք` դուրս արի: Ախպորս տվեք, հենց հիմա դուրս գամ, դե տվեք»,- գոռում էր Սարգիս Ցականյանը, միեւնույն ժամանակ զարմանում, թե իրենք ինչու են գործով վկաներ:

17-ամյա երիտասարդի մայրն էլ իր հերթին դիմեց դատական կարգադրիչներին, ովքեր ամեն կերպ փորձում էին դահլիճից հեռացնել Ցականյաններին:

«Իմ երեխուն են սպանել, իմ երեխու դատն ա, իսկ դուք ասում եք` դուրս եկեք: Ես պիտի մնամ ու իմանամ ոնց են էդ թաղվածները սպանել իմ տղուն: Ես սրանց տանելու եմ ու իմ երեխու գերեզմանոցում սպանեմ: Ինձ տվեք թուրքին, ոչ թե նստի էնտեղ: Ինչի՞ պիտի էդ այլանդակը իմ երեխուն սպանի, ինչի՞ ձայն չես հանում, այ թաղված շուն: 17 տարեկան երեխին տանում են, սպանո՞ւմ»,- բորբոքված ասաց տիկին Կարինեն:

Մթնոլորտը դատարանում փորձեց թուլացնել տուժողի իրավահաջորդ, Սմբատ Ցականյանի հայր Մեխակ Ցականյանը, սակայն տիկին Կարինեն ու Սարգիսը նրան էլ չլսեցին: Դատավորը ստիպված էր թույլ տալ վկաներին ներկա գտնվել դատական նիստին:

Նշենք, որ այսօրվա նիստին ցուցմունք տվեց գործով ամբաստանյալ Գուլիեւը:

Հիշեցնենք, որ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ Քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասով, 316-րդ հոդվածով, 245-րդ հոդվածի 3-րդ մասով, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 14-րդ կետերով, 183-րդ հոդվածի 1-ին մասով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, 344-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւին` ԼՂՀ Քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասով, 316-րդ հոդվածով, 245-րդ հոդվածի 3-րդ մասով, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Դիվերսանտների փաստաբաներն են Արկադի Իսրայելյանն ու Մեխակ Ցականյանը: Դատավորն է Անատոլի Թադեւոսյանը: