Սուրիկ Խաչատրյանը մարտի դաշտում իմ կողքին է կռվել եւ ես հպարտ եմ իրենով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ապարան» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը՝պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին տեսել է պատերազմի ժամանակ:

«Կռվի դաշտում Սուրիկ Խաչատրյանն իմ կողքին եղել է, ինքը իմ լավ ընկերն է, տենց էլ կա ու մնալու է՝ անկախ քաղաքական վայրիվերումներից: Նրա հանցագործությունները երբ որ կապացուցվեն, այդ ժամանակ կասեք։ Թեկուզ իմ հարազատ ախպերը լինի, ես ոչ մի հանցագործի ոչ երաշխավոր եմ, ոչ պաշտպան, բայց անցյալում ինչ արել է մարդը, պիտի հստակ նշվի: Իմ ջոկատի հետ նրա գործողությունների ժամանակ ես իրենով հպարտ եմ եղել, եւ տենց էլ կամ»,-ասաց Ռազմիկ Պետրոսյանը:

Նրա խոսքով ՝ ժամանակին ամեն ինչ կընկնի իր տեղը, պատմությունը կուղղվի, եւ բոլորը կիմանան՝ ովքեր են իրական հերոսները:

«Այսօր արհեստական այնքան հերոսներ ունենք , էսօր շարմազանովներ ու չգիտեմ ինչեր են մեդալ ստանում, կամ հազարավոր մարդիկ գալիս են, գլուխ են խոնարհում Սպարապետի առաջ, էնքան արխային են, որ գլուխը չի բարձրացնի Սպարապետը, հակառակ դեպքում նրանք այստեղ չէին մտնի երբեք»,-ասաց Ռազմիկ Պետրոսյանը:

NEWS.am-ի հարցին, թե արդյոք ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին տեսել է մարտի դաշտում, ազատամարտիկն ասաց. «Կարող է՝ էդ պատերազմը նոր պիտի լինի, ես չգիտեմ, բայց էնտեղ չեմ հանդիպել հաստատ»: