Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Լիդսում դուրս գալով քաղաքապետարանից՝ տեղի բնակիչների կողմից հարձակման է ենթարկվել: Այս մասին գրում է The Telegraph-ը:

Երբ տղամարդը հրել է շենքից դուրս եկող բրիտանական վարչապետին, անմիջապես չեզոքացվել է անվտանգության աշխատակիցների կողմից: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ավելի ուշ իրավախախտին բերման են ենթարկել Արեւմտյան Յորքշիրի ոստիկանական բաժանմունք:

Հաղորդվում է, որ իրավապահներն ազատ են արձակել հարձակվողին՝ նշելով, որ երիտասարդի գործողություններում «ոչ մի սպառնալիք չի եղել, պարզապես նա ոչ ճիշտ ժամին հայտնվել է ոչ ճիշտ վայրում»:

Պարբերականը նաեւ ներկայացրել է Բրիտանիայի պահպանողական կուսակցության անդամ Մարի Պրիտչարդի խոսքերը, ով պնդում է պատահարի շուրջ հետաքննություն սկսելու հարցում: «Դիմադրության հանդիպած սպաներն աշխարհում լավագույններից են, բայց ի՞նչ կարող էր պատահել, եթե բողոքողի ձեռքին դանակ լիներ»,- հայտարարել է քաղաքական գործիչը:

Դեւիդ Քեմերոնը Լիդսում էր՝ Լիդսի եւ Մանչեսթերի միջեւ նոր երկաթուղային հաղորդակցության մեկնարկի վերաբերյալ հաշվետվությամբ: