Գողության եւ կողոպուտի համար երեք անգամ դատապարտված, Երեւանի բնակիչ Տարոն Գալուստովը 2 կրակոցով սպանել է մոտ ընկերոջը՝ Երեւանի Ռուբինյանց փողոցի բնակիչ Լեւոն Բունիաթյանին:

Հոկտեմբերի 11-ին Երեւանի Ծարավ Աղբյուրի փողոցի հարեւանությամբ գտնվող գնացքի գծերի վրա հայտնաբերված Լեւոն Բունիաթյանի դիակը, որը քունքի եւ ծոծրակի շրջանում մահացու հրազենային վնասվածք էր ստացել, մեկ այլ վայրից էր տեղափոխվել նշված վայր:

Այդ փողոցում ապրող բնակիչներից ոչ մեկը ոչ լսել էր կրակոցները, ոչ էլ տեսել հանցագործություն իրականացնողին:

Դեպքին ականատես էր եղել տաքսու վարորդը, որը չէր ճանաչում ոչ սպանողին, ոչ էլ սպանվողին:

Դեպքի գիշերը Աբովյան փողոցում տաքսու վարորդի մեքենան երեք ուղեւոր էին նստել, որից մեկը Արաբկիր վարչական շրջանում դուրս էր եկել մեքենայից: Մնացած երկուսն ուղեւորվել էին Պ. Սեւակի փողոց եւ այդ ընթացքում մեքենայի հետեւի մասում նստած Տարոն Գալուստովը կրակել էր մեքենայի առջեւում նստած ընկերոջը, այնուհետեւ մեքենայի վարորդից զենքի սպառնալիքով պահանջել էր մեքենան վարել Ծարավ Աղբյուրի փողոցի ուղղությամբ, որտեղ ընկերոջ դիակը գցել էր գնացքի գծերի վրա եւ ստուգող կրակոց արձակել՝ այս անգամ ծոծրակի շրջանում:

Դեպքից ժամեր անց տաքսու վարորդը ներկայացել էր Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին եւ պատմել դեպքի մանրամասները:

Ոստիկանության տեղեկություններով, Տարոն Գալուստովը ընկերոջ հետ որոշել էր գումար աշխատել, զբաղվել ոսկու առք ու վաճառքով: Սակայն ընկերների միջեեւ 23 հազար դոլարի պարտք էր գոյացել, որն էլ սպանության պատճառն էր դարձել:

 Փաստի առթիվ ՔՕ 104 եւ 235 հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ: