Կոտայքի մարզի ոստիկանության բաժնի աշխատակիցները երեք տարի հետո բացահայտել են Աբովյան քաղաքի «Ադմա» գիշերային ակումբի աշխատակցին դանակահարողին:
2011թ. հոկտեմբերին տեղի ունեցած դեպքի պատճառով հարուցվել էր քրեական գործ ՔՕ 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, սակայն կարճվել՝ դեպքը փաստական հանգամանքների եւ մեղադրյալ անձի չբացահայտված լինելու պատճառով:
Կոտայքի մարզի ոստիկանության աշխատակիցներին հաջողվել էր կարեւոր տեղեկություններ ձեռք բերել, որի արդյունքում գործը կրկին վերաբացվել էր, եւ ենթադրյալ մեղավորը ձերբակալվել:
Ոստիկանության տվյալով՝ 2011թ. հոկտեմբերի 4-ին Աբովյան քաղաքի բնակիչ, 24-ամյա Արարատ Ռաթեւոսյանը գիշերային ակումբում վեճի էր բռնվել նույն ակումբի աշխատակցի հետ:
«Մոտիկացանք մի հատ տղայի, հարցրեցինք՝ որտեղ են հաշիվը փակում, ինքն ասեց՝ ինձ բարմենի տեղ ե՞ք դրել: Այդ ժամանակ գոռգռացինք իրար վրա, ակումբից դուրս եկանք խոսակցությունը շարունակելու, ես իրան ապտակեցի, մեր հայոյեց, ես հարձակվեցի իր վրա, փախավ, վազեցի հետեւից ու դանակով խփեցի»,- պատմել է Արարատ Ռաթեւոսյանը՝ ավելացնելով, որ տուժածի ընկնելուց հետո աշխատակցին երկրորդ անգամ է դանակով հարվածել:
Արարատ Ռաթեւոսյանը ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է:











