Պաշտոնյաների տների վրա հարձակումների, այսպես կոչված «Բանդայի» գործով պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանի հորը՝ Ռուբեն Հակոբյանին, որդու ձերբակալվելուց հետո զանգահարել է ԱԱԾ աշխատակից ներկայացած մի անձնավորություն եւ նրան առաջարկել 20 000 դոլար գումար տալ՝ Արտուշ Հակոբյանի մատնահետքերը վերացնելու համար։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, դատարանում հայտարարեց Արտուշ Հակոբյանի փաստաբանը՝ Հովիկ Արսենյանը։ Մեղադրյալ Արտուշ Հակոբյանն էլ հայտարարություն արեց այս փաստի վերաբերյալ՝ խոսքն ուղղելով դատախազ Սասուն Խաչատրյանին։
«Իմ նկատմամբ ֆիզիկական ճնշումներ են գործադրել, հետո սկսել են հոգեբանական ճնշումները՝ կին, ախպեր, ընկերներ, ոչ մի անգամ չեն ասել՝ այ տղա, էս ո՞ւր ես ատկազ անում, էսա փաստ՝ քո մատնահետքերը։ Ի՞նչ քննության գաղտնիք էր, որ այդ մատնահետքի մասին մի քանի ամիս չէին ասում»,-ասաց Արտուշ Հակոբյանը։
Դատավորն ասաց, որ կարող են այդ մասին հաղորդում տալ ոստիկանությունում, ինչին Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ հաղորդում տվել է, սակայն ընթացք չի տրվել։
Արտուշ Հակոբյանը պատմեց, որ ճնշումների տակ է ստորագրել ցուցմունքը։
«Նրանք մուսռ են բառիս բուն իմաստով, ծնողական զգացմունքի հետ են ուզում խաղալ, մարդուն ներքաշեն, որ հեսա սաղին բերել, փակել ենք, հորդ էլ ենք փակելու, դրա համար էլ ուրիշի արած հանցագործությունը վիզ առ։ Ասում եմ՝ ծեծին դիմացել եմ, մնացած ամեն ինչին դիմացել եմ, դրան չէի դիմանա, հո չէ՞ի թողնի 80 տարեկան մարդը գնար, նստեր կաշառքով»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը, Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա։











