Պաշտոնյաների տների վրա հարձակումների, այսպես կոչված «Բանդայի» գործով  պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանը հաջորդ դատական նիստին կհրապարակի տեսանյութ, որում ամբաստանյալներին վերագրվող ձեռնոցներն ու դիմակները տարբերվում են գործի նյութերում որպես իրեղեն ապացույց ներկայացվող դիմակներից եւ ձեռնոցներից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Արտուշ Հակոբյանը, երբ դատական նիստի վերջում դատավորը մերժեց պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը՝ ձեռնոցները դատակենսաբանական եւ դատագենետիկ համալիր փորձաքննության ենթարկելու վերաբերյալ:

«Ես լազերային սկավառակ եմ ուզում ներկայացնել, որում երեւում է, որ Ամառանոցային 20 հասցեում գտնվող տանը հայտնաբերված պայուսակում գտնվող ձեռնոցներն ու դիմակները ուրիշ են: Տեսանյութում երեւում է՝ որ ձեռնոցները սեւ գույնի են եւ կիսամաշ, իսկ դատարան բերվածները կապույտ են, դիմակները՝ բրդյա, գլխարկ կա այդ պայուսակի մեջ, որն ապացույցներում ընդհանրապես չկա»,- ասաց Արտուշ Հակոբյանը՝ նշելով, որ տեսանյութը ոստիկանության՝ 3 տարի առաջ հրապարակած ռեպորտաժից է վերցված:

Մինչեւ այդ, երբ դատախազ Սասուն Խաչատրյանը հայտնեց իր դիրքորոշումը դատակենսաբանական եւ դատագենետիկ համալիր փորձաքննության վերաբերյալ՝ ասելով, որ դա ոչինչ չի տա պաշտպանական կողմին, քանի որ ձեռք բերված ապացույցները բավարար են նրանց մեղավորությունը հաստատելու համար, Արտուշ Հակոբյանը բորբոքվեց:

«Ասում եք՝ ապացուցված է մեղքը, ոչ գողոնը կա, ոչ գողացված գումարը կա, ի՞նչն է ապացուցված է, այ քեզ բան: Ամառանոցային 20 տանը հայտնաբերված պայուսակում լիքը բաներ կան, որ ապացույցներում չկան, էնտեղ գլխարկ կա, որ էսօր ապացույցերի մեջ չկա, Բեզոյանի չստիկը կա: Բեզոյանի չստիկը թող քննիչը կոխեր հիմա ասել էի որտեղ»,- ասաց ամբաստանյալը, ինչից հետո դատարանը նրան նախազգուշացում տվեց:

Նշենք, որ այսօրվա նիստին Արտուշ Հակոբյանի փաստաբան Հովիկ Արսենյանը հրապարակեց նախաքննության ընթացքում իր պաշտպանյալի դիմումները՝ ուղղված նախկին դատախազ Աղվան Հովսեփյանին եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Այդ դիմումներում Արտուշ Հակոբյանը  հիմքեր էր ներկայացրել հետաքննող մարմնի դեմ քրեական գործ հարուցելու համար՝ նշելով, որ իր  նկատմամբ ուժ է գործադրվել՝ կեղծ  ապացույցներ ձեռք բերելու նպատակով:

«Ոստիկանները փորձել են իր ձեռքը խցկել «Մակարով» տեսակի ատրճանակ և գոտկատեղին ֆիքսել ՏՏ տեսակի ատրճանակ: Արդյունքում ատրճանակի վրա հայտնվել է Արտուշ Հակոբյանի բթամատի մատնահետքը, իսկ մեքենայում՝ ասպիրինի շշի մեջ կանաչավուն զանգված»,-ասաց Հովիկ Արսենյանը:

Դատարանը դիմումները կցեց գործին:

Պաշտպանական կողմն այսօր մի շարք միջնորդություններ ներկայացրեց որոշ ապացույցներ անթույլատրելի ճանաչելու համար: Դրանք են՝ խուզարկության արձանագրություն, դատահետքաբանական, մատնադրոշմային, դատակենսաբանական, դատագենետիկ, միկրոմասնիկային, մանրաթելային փորձաքննությունների եզրակացությունները, որոնք ըստ պաշտպանական կողմի, ձեռք են բերվել օրենքով սահմանված կարգի խախտմամբ:   

Ամբաստանյալներ Սամվել Դավթյանի եւ Դավիթ Գալստյանի պաշտպանները միջնորդեցին  անթույլատրելի ճանաչել առաջինի նախաքննական ցուցմունքը եւ երկրորդի մասնակցությամբ տեղի ունեցած փորձարարությունները՝ նույն պատճառաբանությամբ. Դրանք ձեռք են բերվել խոշտանգումներով։

Դատարանը բոլոր միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելը հետաձգեց, նշելով որ դրանց  կանդրադառնա խորհրդակցական սենյակում՝  ապացույցների լրիվ համադրման,  հետազոտման ժամանակ:

Դատական նիստն այսօր հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը,  Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա։