ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը չի հետեւում ոչ իշխանական եռյակի գործունեությանը, բայց «մեկ-մեկ նայում է» նրանց հանրահավաքները: Այս մասին  այսօր՝ նոյեմբերի 1-ին, Երկրապահ կամավորականների միությունում լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրգորյանը:

«Տո մեկն ըլնի մեզ հետեւի, ես ինչ գործ ունեմ դրանց հետ, ես մեկ-մեկ նայըմ եմ»,-ասաց նա՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք ինքը հետեւում է ներքաղաքական գործընթացներին, եռյակի հանրահավաքներին:

«Արմնյուզ» հեռուստաընկերության լրագրողի հարցին՝ արդյոք եռյակի հանրահավաքները բացասաբար չեն ազդում սահմանի վիճակի վրա, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Ո՞նց չեն ազդում, ոնց կարող ա ձեր տանը կռիվ ըլնի կամ անախորժություն ըլնի, չազդի քու վրա: Պապադ, մամադ կռվեն իրար հետ ու քո վրա չազդի, կըլնի՞ տենց»:

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ նախագահ դառնալու ցանկությանը, Մանվել Գրիգորյանն ասաց. «Բաղդադ էլ խուրմա կա, թող էթա, ինչ ուզում ա դառնա, իրա խնդիրն ա: Ուզըմ ա. շատ մարդ ա շատ բան ուզըմ: Գագիկ Ծառուկյանը սաղ կյանքը իշխանություն ա էլե, էդ ո՞ր օրվանից եղավ անիշխանություն»:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am