Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի մեկ տասնյակ բնակիչներ այսօր՝ նոյեմբերի 3-ին, նախագահականի մոտ բողոքի ակցիայով նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում էին վերահսկել, որպեսզի «Եղվարդշին» ընկերությունը փոխատուցի իրենց կատարած աշխատանքների հետեւանքով այրված այգիների դիմաց (ֆոտոռեպորտաժ):
«Օգոստոսի 7-ին «Եղվարդշին» ընկերությունը ջրատար խողովակները ապամոնտաժելիս հրդեհ բռնկվեց ու վառվեցին 7 հեկտար պտղատու խաղողի այգիներ: Դրանից հետո «Եղվարդշինի» տնօրենը եկել ա գյուղ, իրան կոռեկտ չէր պահում, վիրավորում էր գյուղացիներին: Ու մինչեւ հիմա ոչ մի լումա փոխհատուցում չի տվել: Մեր հույսը մնացել ա մենակ հանրապետության նախագահը, ամիսներով նստելու ենք ստեղ, էլ ուրիշ ճար չկա»,-NEWS.am-ին ասաց գյուղացիներից Վազգեն Մանուչարյանը՝ նշելով, որ գործը քննչականում է, բայց ոչ մի նորություն չկա դեռ:
Գյուղացիների խոսքով՝ ընկերության տնօրենը աշխատանքներ կատարելու թույլտվություն չի ունեցել, այն ձեռք է բերել միայն դեպքից երկու շաբաթ անց:
Գյուղացիները նշեցին, որ հրդեհի պատճառով իրենք զրկվել են իրենց միակ եկամուտի աղբյուրից: Գյուղացիներն իրենց հետ բերել էին նաեւ այրված ծառի ճյուղեր՝ խակ, բայց արդեն չորացած բերքով:
«Այրված բերքը վրան ճյուղեր ենք բերել, որ տեսնեն՝ սուտ չենք ասում: Էս ծառերը բոլորը պետք է կտրվեն եւ նորը տնկվեն, լրիվ ոչնչացել են, ամեն ինչ զրոյից պետք է սկսել: Վնասի չափը մենք ենք հաշվել, որովհետեւ մեզ ասեցին, որ ապրանքագետ չկա, որ հաշվի մեր կրած վնասները»,-NEWS.am-ին ասաց Ավագ Ավագյանը:
Գյուղացիների հետ մայրաքաղաք էր եկել նաեւ Ադրբեջանում մոտ մեկ ամիս գերության մեջ մնացած, ապա գերությունից ազատված Մամիկոն Խոջոյանի որդին՝ Հայկազ Խոջոյանը, որը նշեց, որ իր այգիները նույնպես վնասվել են հրդեհից: Գյուղի մեկ այլ բնակչի՝ խոսքով, եթե այսօր իրենց պահանջը չկատարվի, իրենք՝ սահմանամերձ գյուղերի բնակիչներով կփակեն գլխավոր ճանապարհը՝ մայրուղին, եթե դա էլ օգուտ չտա, գյուղացիներով հացադուլ կսկսեն նախագահականի մոտ:
Վերին Կարմրաղբյուրի բնակիչներին ընդունեց նախագահականի նամակների բաժնի պետ Աիդա Ասատրյանը, որը նրանց խոստացել էր մի քանի ժամում գյուղացիների հարցը կլուծվի:
«Հույս ունենք, հավատում ենք, որ հարցը կլուծվի: Հիմա ճանապարհները սառած են, գնալու ենք գյուղ, բայց Աստված չանի, որ հարցը չլուծեն՝մի քանի գյուղերի բնակիչներով ճանապարհը կփակենք, միայն հիվանդանոց գնացող մեքենաներին կթողնենք գնան»,-ասացին գյուղացիները:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











