«Կոշ» քրեակատարողական հիմնարկի 28-ամյա դատապարտյալ Նարեկ Պեպանյանը «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում «Հենդո Տրիկո» անվամբ էջով ծանոթացել է Երեւանի բնակչուհի Նունեի հետ, որոշ ժամանակ անց նրանից 3000 ԱՄՆ դոլար է պահանջել՝ իր բացած Nune Jan կեղծ օգտատիրոջ էջից Նունեի հեռախոսահամարը ու Նունեին վերագրվող այլ կանանց պոռնկագրական բնույթի լուսանկարները ջնջելու, այդ էջում իրենց ինտիմ բնույթի հեռախոսազրույցների ձայնագրությունները չհրապարակելու համար: Նարեկ Պեպանյանին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այս մեղադրանքով դատապարտել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, նրա պաշտպանը վճիռը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում:
Նարեկ Պեպանյանը պնդում է, որ ինքը ոչ թե 3000, այլ 1000 ԱՄՆ դոլար գումար է պահանջել: Բողոքի քննությանն այսօր՝ նոյեմբերի 3-ին, նա դատարանից պահանջեց արդարացի դատավճիռ կայացնել եւ իր արարքին համարժեք պատիժ նշանակել:
Դատավորի հարցին՝ ինչու է սոցցանցում կեղծ էջ բացել, ամբաստանյալը պատասխանեց. «Կալանավորված անձի հոգեբանությունը սաղ խառն ա, որից ծնվել ա թշնամանք այն անձի հանդեպ, որը որպես կին խոսացել ա ինձ հետ, սեր, սիրավեպ, ու միանգամից ուզեցել ա տենց, ես ինձ արհամարհված եմ զգացել»:
Տուժող Նունեն, որը, ըստ գործի նյութերի եւ իր դատաքննական ցուցմունքի՝ ամբաստանյալի հետ համաձայնության էր եկել 3000 ԱՄՆ դոլար ուղարկելու վերաբերյալ, այսօր դատարանում ասաց, որ ամբաստանյալն էջը ջնջելու համար իրենից ոչ թե 3000, այլ 1000 ԱՄՆ դոլար է պահանջել:
«3-ի խոսակցություն էլ ա եղել, 2-ի էլ ա եղել, 1000-ի էլ ա եղել: Շանտաժի համար 1000 ա ուզել: Էդ 3000-ն ուղղակի խոսացություն ա եղել: Պարտքով ա ուզել 3000, իմ մեջ արդեն տպավորվել էր: Ես էլ չունեի, ինքն էլ վիրավորվել էր, որ չունեի, չէի կարում օգնեի»,- ասաց նա:
Նունեն, որը երեք երեխա եւ ամուսին ունի, Նարեկ Պեպանյանի հետ խոսելիս, ըստ իր ցուցմունքի, տեղյակ չի եղել, որ նա դատապարտյալ է, հավատացել է, թե նա Իտալիայում է բնակվում: Նարեկ Պեպանյանը կնոջ հետ հեռախոսով խոսել է, ասել, որ ինքը վերադարձել է Իտալիայից, իրեն 3000 ԱՄՆ դոլար գումար է անհրաժեշտ: Նա սպառնացել է Նունեին, որ «Օդնոկլասնիկի» էջում իր բացած կեղծ էջում կտեղադրի իրենց ինտիմ բնույթի հեռախոսազրույցների ձայնագրությունները, եթե նա այդ գումարը չտա իրեն: Նունեն կատարվածի մասին պատմել է ամուսնուն, նրանք դիմել են ոստիկանություն: Պեպանյանը Նունեին ասել է, որ նա գումարը փոխանցի իր ծանոթ Դիանա Պետրոսյանի անունով: Ոստիկանության հետ համագործակցելով՝ կինը փոխանցել է 400 ՀՀ դրամ, Դիանա Պետրոսյանին ոստիկանները ձերբակալել են գումարը ստանալիս, պարզել, որ Նարեկ Պեպանյանը «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ է: Ի դեպ, դատապարտյալը «Հենդո Տրիկո» օգտատիրոջ անվան տակ զրուցել է նաեւ Նունեի դստեր եւ մի քանի այլ անձանց հետ:
Նարեկ Պեպանյանի պաշտպանի բողոքը Վերաքննիչ դատարանը մերժեց:











