Քաղաքապետարանի տարածքում վրան տեղադրելու համար Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցած վարչական վարույթի նյութերը ոստիկանությունը կիսատ է ներկայացրել դատարան: Վարչական դատարանում այսօր՝ նոյեմբերի 5-ին, ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը չկարողացավ պարզաբանել, թե ինչու է  վարույթից բացակայում Արգիշտի Կիվիրյանից բացատրություն վերցնելու վերաբերյալ փաստաթուղթը:

Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը նշեց, որ ըստ օրենքի՝ ոստիկանությունում պարտավոր էին Արգիշտի Կիվիրյանից բացատրություն վերցնել, այնինչ դրա վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չկա վարչական վարույթում:

«Ձեր հայցում գրված է, որ Արգիշտի Կիվիրյանը հրաժարվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը ստորագրել: Ի՞նչ կապ ունի արձանագրությունը բացատրության հետ: Ո՞րտեղ, ո՞ր փաստաթղթով է երեւում, որ Արգիշտի Կիվիրյանին հնարավորություն է տրվել բացատրություն տալու եւ Արգիշտի Կիվիրյանը հրաժարվել է»,-Սոնա Մելիքյանին հարցրեց Լուսինե Սահակյանը:

Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ դատարանին ներկայացրած փաստաթղթերը միակն են, ինչ ինքը ունի գործի վերաբերյալ. «Զեկուցագրով ինձ ներկայացվել են նախապատրաստված նյութեր: Ես ներկայացրել եմ այն, ինչ ինձ է փոխանցվել: Այդ օրն այս վարչական վարույթին զուգահեռ ոստիկանությունը իրականացրել է նաեւ հետախուզական վարույթ, ես չգիտեմ՝ բացատրության արձանագրությունը որ վարույթի համար է վերցվել»:

Լուսինե Սահակյանը մատնանշեց վարչական վարույթի նյութերի մեկ այլ թերություն եւս. փաստաթղթերի համարակալումը առաջինի փոխարեն երրորդ էջից էր սկսում:

Դատավորը նույնպես հաստատեց, որ վարույթի փաստաթղթերը թերի են, հիշեցրեց, որ ոստիկանության ներկայացուցչի պարտականությունն էր դրանք դատարանին ներկայացնելը: Սոնա Մելիքյանը նշեց, որ «հնարավոր է՝ չեն վերցրել, հնարավոր է՝ իրեն չեն ներկայացրել»: Դատավորը հետաձգեց դատական նիստը՝ ոստիկանության ներկայացուցչին հորդորելով, որ մյուս նիստին պարզաբանի ամեն ինչ, դատարանում առանց «հնարավորների» խոսի:

Փաստաբան Լուսինե Սահակյանի կարծիքով՝ ոստիկանությունը կեղծիք է կատարել եւ վախենում է՝ դա բացահայտվի:

«Ակնհայտ է, որ փաստաթղթեր են հանել, փոխել, ինչն արդեն իսկ խոսում է այն մասին, որ նրանք լուրջ խնդիրներ են տեսել իրականության մեջ ու հասկացել են, որ էս վարույթով չեն կարողացել վարչական պատասխանատվության ենթարկել, հնարավորինս փորձել են ինչ-որ փաստաթղթեր փոխելով իրավիճակ շտկել»,-նիստի ավարտին լրագրողներին ասաց Լուսինե Սահակյանը: Փաստաբանի խոսքով՝ կա բացատրություն, որտեղ նաեւ իրենք են գրառումներ կատարել, դրանից պարզ է դառնում, որ Արգիշտի Կիվիրյանին այդ օրը 3 ժամից ավելի են պահել ոստիկանությունում:

Հիշեցնենք, որ 2013-ի օգոստոսի 1-ին քաղաքապետարանի դիմաց Կիվիրյանը փորձել էր նստացույց անող իր ընկերների համար վրանի տեղադրել, սակայն ոստիկանները թույլ չէին տվել Կիվիրյանին բռնությամբ բերման էին ենթարկել ոստիկանության բաժին: Նրա դեմ վարչական վարույթ էր իրականացվել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար: