Երեւանում Կասկադի տարածքից այսօր՝ նոյեմբերի 5-ին, բերման է ենթարկվել Գայ Ֆոքսի դիմակներով 8 քաղաքացի, որոնք գնում էին Ազատության հրապարակ՝ մասնակցելու ի աջակցություն Նոյեմբերի 5-ի գործով դատապարտվածների «Անոնիմուսների երթին»։ (ֆոտոռեպորտաժ)

Ոստիկանները քաղաքացիներից պահանջել են հանել դիմակները, սակայն նրանք հրաժարվել են, ինչից հետո բերման են ենթարկվել։ Այս մասին մասին NEWS.am-ին պատմեցին երթի մյուս մասնակիցները։

Ժամը 18։30-ին Ազատության հրապարակից սկսվել է երթը մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մի քանի տասնյակ քաղաքացիներին ուղեկցում են ոստիկաններ, այնտեղ է նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Երթի մասնակիցները Գայ Ֆոքսի դիմակներ ունեն, սակայն չեն կրում: Նրանք հայտարարում են Նոյեմբերի 5-ի գործով դատապարտվածների անունները եւ ազատություն պահանջում նրանց համար: Երթին մասնակցում է նաեւ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, որին դատարանը դատապարտել է 4 տարվա պայմանական ազատազրկման:

Երթի առջեւից գնում է Շահեն Հարությունյանը՝ եռագույնը ուսերին: Երթի մյուս  մասնակիցներն իրենց ձեռքին բռնել են Նոյեմբերի 5-ի գործով դատապարտվածների լուսանկարները: 

Շանթ Հարությունյանի նախկին կինը՝ Ռուզաննա Բադալյանը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք այսօր հավաքվել են՝ ավարտին հասցնելու Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների նախաձեռնած՝ Անոնիմուսների երթը, որն անցած տարի այդպես էլ տեղի չունեցավ:

«Նախորդ տարի նրանց թույլ չտվեցին անցկացնել Անոնիմուսների երթը: Այսօր՝ նոյեմբերի 5-ին, մենք ունենք պահանջ, մենք պահանջում ենք ազատ արձակել նրանց»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 14 մարդու: Նրանք դատապարտվել են 1-ից 7 տարվա ազատազրկման:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am